Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օրեր առաջ Պետական կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհուրդը հրաժարական է տվել. թատրոնը կրկին հայտնվել է փակման եզրին: Հիշեցնենք, որ թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը դեռ փետրվարի 15-ին ազատվել էր աշխատանքից, քանի որ մինչ այդ նամակ-դիմում էր գրել ՀՀ մշակույթի նախարարին` ասելով, որ թատրոնում կան մի շարք խնդիրներ, և թատրոնը ժամանակավորապես պետք է լուծարվի: Դրանից հետո, որպես ելք, նախարարությունն առաջարկեց գեղարվեստական խուրհուրդ ստեղծել, որը կօգնի, որ թատրոնը ոտքի կանգնի: Գեղարվեստական խորհուրդն էլ, ցավոք, երկար չդիմացավ, և հիմա թատրոնը հայտնվել է անելանելի վիճակում: Yerkir.am-ի զրուցակիցն է թատերագետ, թատրոնի գեղխորհրդի նախկին նախագահ Արա Խզմալյանը:
-Գեղխորհուրդն աշխատանքի էր անցել` թատրոնը ճգնաժամից հանելու համար, բայց, կարծես, խորհուրդն ի՞նքը հայտնվեց ճգնաժամում:
-Մենք հայտնվել ենք այն վիճակում, ինչ` Արմեն Մելիքսեթյանը, ուղղակի սկզբունքային տարբերություն կա մեր և պարոն Մելիքսեթյանի դիրքորոշումների մեջ, այն է` մտածում ենք, որ նույն այդ խմբի հետ կարելի է աշխատել, և վատ ենք զգում, որ արհեստականորեն կասեցվեց կոլեկտիվի հետ մեր աշխատանքը, քանի որ տեսել ենք այն ոգևորությունը, որով ստեղծագործական կազմն ընդունեց գեղարվեստական խորհրդի անդամներին, և կոլեկտիվից լսել ենք լուրջ աշխատելու ցանկություն: Մենք, մեր հերթին, արել ենք ամեն ինչ, որ կարողանանք արդարացնել այդ մարդկանց սպասումն ու հավատը, բայց ամեն գնով մեր աշխատանքները կասեցվել ու խոչընդոտվել են, ավելին` գեղարվեստական խորհուրդը վարկաբեկել են կոլեկտիվի առջև, որովհետև այն որոշումները, որ ընդունվել են գեղխորհրդի նիստերի ժամանակ, աշխատակազմին կա'մ չեն հասել, կա'մ էլ խեղաթյուրված ձևով են հասել: Իրականում այսօր կոլեկտիվը չգիտի, թե ինչի համար ենք մենք հրաժարվել: Մեր ամբողջ կազմը հրաժարվել է աշխատելուց, և դրա վկայությունը նոր ներկայացման /«Կրիսպի մկնիկը» /փակ դիտմանը չգնալն էր. 2 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացման փակ դիտմանը ներկա է եղել 3 հոգի` տնօրենը, նախկին փոխտնօրենը և վոկալիստը: Հարց է ծագում` ո՞վ պետք է երաշխավորի այդ ներկայացումը պրեմիերայի:
-Այնուամենայնիվ, ո՞րն էր ձեր հրաժարականի պատճառը, մանավանդ` եթե կոլեկտիվի հետ աշխատելու որևէ խնդիր չի եղել:
- Կոնկրետ մեր դեպքում ամենամեծ խնդիրը տնօրենի` ոլորտի հետ կապ չունենալն է: Տնօրենն իրազեկ չէ մասնագիտորեն, նա չի պատկերացնում բնագավառի առանձնահատկությունները, չունի ստեղծագործական նկարագիր, նա չգիտի`ինչ է ստեղծագործական պրոցեսը, դերասանների հետ աշխատելու տրամաբանությունը, մի խոսքով` մեր ոլորտի մարդ չէ: Վարդան Գրիգորյանին մենք գիտեինք, երբ նա դեռ մշակույթի նախարարությունում էր աշխատում, և անեկդոտներ էին պտտվում նրա արածների և ասածների մասին: Հետո արդեն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, մարդը դուրս եկավ նախարարությունից ու դարձավ թատրոնի տնօրեն: Լավ, եթե ընդունում ենք, որ Մելիքսեթյանը լուրջ հակասություն ուներ կոլեկտիվի հետ, չկարողացավ մտնել երկխոսության մեջ և կապեր հաստատել, եկավ Վահան Բադալյանը, ով, ի դեպ, հենց սկզբից չհավատաց տնօրենի հետ մեր համագործակցության հեռանկարին, Լիլիթ Դանիելյանը, Գրիգոր Խաչատրյանը, Նարինե Գրիգորյանը` արդեն իսկ անուն ու վաստակ ունեցող մարդիկ և գերզբաղված մարդիկ, ինչո՞ւ չստացվեց մեզ հետ աշխատանքը: Մենք մտել ենք թատրոն՝ միայն մի շահ հետապնդելով` օգնել, որ թատրոնը ոտքի կանգնի: 2 տարվա ընթացքում թատրոնը ստեղծագործական արդյունք չի տվել, և սա չի կարող կապված չլինել տնօրենի անձի հետ: Ցավոք, թատրոնից 1-2 հոգի, երբ խոսք է լինում տնօրենի մասին, ասում են` բայց չէ՞ որ նա զուգարանն է նորոգել, որ մենք չունեինք: Հասկանո՞ւմ եք` թատրոնն այնքան է նվաստացվել տարիներ շարունակ, կոլեկտիվի տարրական շահերն այնքան ժամանակ են անտեսվել, որ զուգարան նորոգելը բավարար պայման է դարձել` համարելու, որ Գրիգորյանը նորմալ տնօրեն է: Փաստը մնում է փաստ, որ թատրոնն այս ձևով չի կարող գոյատևել:
-Թատրոնի ճակատագիրն ի՞նչ պետք է լինի, ի՞նչ քայլեր պետք է արվեն` թատրոնն այս ծանր վիճակից հանելու համար:
-Իմ խորին համոզմամբ` պետք է մտածել տնօրենին փոխելու մասին: Դրա համար կան լուրջ հիմքեր` թատրոնը չունի ստեղծագործական նկարագիր, ստեղծագործական արտադրանք, դուրս է մնացել հայ թատերական կյանքի լուսանցքից, մեր մշակութային քարտեզում չունի իր տեղը: Մինչդեռ թատրոնում կան ստեղծագործողներ, որոնց հետ, կրկնում եմ, կարելի է լուրջ աշխատել։ Գեղխորհրդի առաջին իսկ նիստի ժամանակ ես ասել եմ, որ եթե ուզում ենք հաղթահարել թատրոնի ներփակ վիճակը, պետք է չբավարարվել սեփական ռեսուրսներով, պետք է մասնագետներ հրավիրել։ Հրավիրեցինք պարուսույց, ով Պետերբուրգում էր կրթություն ստացել, տարիների փորձ ունեցող մասնագետ էր: Ռեժիսորը սկսեց նորմալ աշխատել նրա հետ, բայց տնօրենը պնդեց, թե չի կարող վճարել, և առանց զգուշացնելու, հերթական փորձերից մեկի ժամանակ նրան ուղղակի հանում են փորձերից։ Հիմա ինչպե՞ս կարող ենք ուրիշ մասնագետներ հրավիրել թատրոն: Ինչ հարց ներկայացրել ենք նիստի ժամանակ, հանդիպել է տնօրենի անբարյացակամ վերաբերմունքին, ամեն ինչ մերժվել է ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ, բայց մշակույթի նախարարությունում, երբ թատրոնի գոյատևման հարցն էր քննարկվում, տնօրենը, որպես փաստարկ, բերում է ֆինանսական լավ տվյալները, արդյունքները: Լավ, եթե ֆինանսական լավ արդյունք ունենք, ինչո՞ւ չենք կարողանում գումարը ծախսել` ըստ նպատակի: Պարզ է, չէ՞, որ պատասխանը մեկն է` տնօրենը ստեղծագործող մարդ չէ, վատ հաշվապահի հոգեբանությամբ չի կարելի թատրոն ղեկավարել:
-Մելիքսեթյանը հեռանալուց առաջ ստեղծագործական հարցեր էր առաջ քաշում, որոնք, փաստորեն, իրավացիության տարրեր ունեին: Այսինքն` եթե միջանձնային խնդիրները հանեինք, մեծ առումով, Մելիքսեթյանը ճի՞շտ էր:
-Այնպես չէ, որ Մելիքսեթյանն ինչ ասում էր, սխալ էր, և ես երբեք նրա դեմ ոչինչ չեմ ասել: Իմ միակ ասածը եղել է այն, որ, վիրավորելով կոլեկտիվին, հնարավոր չէ աշխատել այդ կոլեկտիվի հետ: Նման կոնֆլիկտների ժամանակ հեռանում է ոչ թե կոլեկտիվը, այլ գեղարվեստական ղեկավարը կամ գլխավոր ռեժիսորը: Ես համոզված եմ, որ թատրոնում կան մարդիկ, ովքեր ընդունակ են կենդանի երգեցողության, բայց երբ գեղխորհրդի ժամանակ քննարկում ենք այլընտրանքային միջոցներով բարձրախոսներ ձեռք բերելու հարցը, տնօրենը հենց սկզբից փակում է հարցը` ասելով, թե հնարավոր չէ, ամեն տեղ դիմել ենք և մերժվել, իսկ նախարարությունը գումար չի տալիս։ Տնօրենն այդպես, փաստորեն, դեռ իրեն զգում է նախարարության արվեստի վարչության աշխատակից, ոչ թե` թատրոնի տնօրեն: Մենք հասկանում ենք, որ գեղխորհուրդն այստեղ անելիք չունի, որովհետև կնիքը տնօրենի ձեռքին է. ինչ էլ մենք որոշենք, պետք է տնօրենը հաստատի, և պարզվում է, որ զբաղված ենք ժամավաճառությամբ` գնում ենք, նայում ներկայացումները, քննարկում դրանք, մշակում ծրագրեր, և ամեն ինչ հանդիպում է տնօրենի կնիքի պատին, ոչինչ առաջ չի գնում: Ես դեռ չեմ խոսում թատրոնի վարչական հատվածում ստեղծված սարսափելի մթնոլորտի մասին, երբ մարդիկ իրար հետ խոսում են ձայնագրիչներով, երբ օր չկա, որ մեկը մյուսի դեմ զեկուցագիր չգրի, իսկ տնօրենը յուրայինների զեկուցագրերին անմիջապես ընթացք է տալիս, իսկ մյուսներինը մնում են անարձագանք: Այսինքն` ստեղծագործական խնդիրներով զբաղվելու փոխարեն մարդը, չեկիստի պես նստած, զբաղված է` թուղթ մրոտելով: Վարդան Գրիգորյանը ո՛չ իր պրոֆեսիոնալ նկարագրով, ո՛չ մարդկային հատկանիշներով և ո՛չ էլ մասնագիտական իմացությունների ու պատրաստվածության առումով ընդունակ չէ թատրոնը հանել այս ճգնաժամային իրավիճակից: Հիմա` կա'մ նախարարությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի` թատրոնի ղեկավար անձնակազմի վերանայման ու կադրային լրջագույն փոփոխությունների առումով, և օգնի ստեղծագործական կոլեկտիվին` կանգնել ոտքի, կա'մ թատրոնը պետք է կանգնի փակման առաջ: Իմ սիրտը ցավում է այնտեղ ստեղծագործողների համար: Ես չեմ կարծում, որ կոլեկտիվն անընդունակ է աշխատելու, ո՛չ։ Տվեք լավ տնօրեն և ռեժիսորներ, ստեղծեք բարոյահոգեբանական մթնոլորտ, կոլեկտիվն էլ նորմալ կաշխատի:
-Տնօրենների նշանակման հարցը մշակույթի ոլորտում մի տեսակ անհիմն չէ՞, քանի որ ստացվում է այնպես, որ ցանկացած մեկը, ով կհանձնի քննությունը, կարող է տնօրեն նշանակվել: Որքանո՞վ է ճիշտ նշանակել տնօրեններ, որոնք կապ չունեն ոլորտի հետ:
-Մեր օրենսդրությունն այնպիսին է, որ ամեն մարդ կարող է գալ, հանձնել քննություններ և դառնալ տնօրեն: Գլոբալ իմաստով` տնօրենների նշանակման համակարգն ունի վերանայման կարիք, և ստեղծագործական կառույցի տնօրենը պետք է ընտրվի փոքր-ինչ այլ չափանիշներով: Չի կարելի տնօրեն նշանակել տվյալ ոլորտում մասնագիտական փորձառություն չունեցող մարդկանց, պետք է հաշվի առնել, թե մարդը ոլորտում ինչ է արել, ինչ կազմակերպչական, ստեղծագործական փորձառություն ունի, ինչ նախագծեր է իրականացրել: Տնօրենը պետք է լինի կրեատիվ մարդ, նա պետք է երևակայություն և ստեղծագործական միտք ունենա: Հիմա Վարդան Գրիգորյանն ի՞նչ է արել մշակույթի ոլորտում: Ցույց է տվել տնօրենների նշանակման սկզբունքների խոցելիությունը։ Մի բան էլ` եթե ճիշտ են ասում, որ Վարդան Գրիգորյանը սնանկ է ճանաչվել, ուրեմն պետք է քննարկել նաև ՊՈԱԿ-ների ապագա ղեկավարների սոցիալ-ֆինանսական վիճակը նկատի առնելու անհրաժեշտությունը: Երբ դու սնանկ ես, ստեղծագործական խնդիրներով չես զբաղվի, երբ մարդը չի կարողանում իր ֆինանսական կյանքը կարգավորել, մենք նրան հանձնում ենք թատրոնի՞ ֆինանսական կյանքը կարգավորելու պատասխանատվությունը:
-Որքանով տեղյակ եմ` այս օրերին թատրոնից եղել են նաև մի շարք ազատումներ։ Որքանո՞վ են դրանք հիմնավորված եղել:
-Ես տեղյակ եմ, որ մշակույթի նախարարություն զեկուցագրեր են ներկայացրել նրանք, ովքեր Վարդան Գրիգորյանի թեթև ձեռքով ազատվել են աշխատանքից: Ես այդ նկատողությունների իրավական կողմի վրա մեծ կասկածներ ունեմ և դիմել եմ նախարարություն` հարցը քննության առնելու: Կոչ եմ անում վերադասին` հետամուտ լինել, քանի որ աշխատողների իրավունքների լուրջ ոտնահարում կա այստեղ. պետք է ծառայողական հետաքննություն սկսվի, թե տնօրենն ինչ հիմունքներով է մարդկանց ազատում աշխատանքից: Սա ես ասում եմ իբրև հասարակական կազմակերպության ղեկավար, ով խնդիր ունի նաև կանխելու իրավունքների խախտման հավանականությունը։ Պետք է հարց տալ` տնօրենը սուղ բյուջեի պայմաններում ինչո՞ւ էր երկու փոխտնօրեն պահում, ինչո՞ւ ամիսներ շարունակ մամուլի և հասարակայնության հետ կապերի 2 պատասխանատու ուներ, ինչո՞ւ պետք է ինքը թարգմանի պիեսը, և իսկ ուրիշը հոնորար ստանա և այլն… Իրավունք ունե՞նք, հանուն Վարդան Գրիգորյանի անձնական շահերի և ամբիցիաների, մի ամբողջ թատրոնի հեռանկար դնել փակուղու առջև:
-Նման իրավիճակում չպե՞տք է կոլեկտիվն էլ տեսակետ հայտնի և ձեռնպահ չմնա:
- Սա նախևառաջ պետք է հասկանան իրենք՝ թատրոնի աշխատակիցները։ Դուք չե՞ք հարցնում տնօրենին, թե ի՞նչ պատահեց, որ այսքան մարդիկ թողեցին ու գնացին թատրոնից: Նախարարի ներկայությամբ հաստատվեց մի ներկայացման հայտ: Դրա հիման վրա բերեցինք մարդիկ, ովքեր պետք է աշխատեին ներկայացման վրա: Իմ խորին համոզմամբ` Վարդան Գրիգորյանը միտումնավոր հետամուտ չեղավ այդ հայտի ձեռք բերմանը, թատրոնին չփոխանցվեց գումարը, իսկ կոլեկտիվին ներկայացրեց, որ գեղխորհուրդը չկատարեց իր խոստումը: Մի՞թե որևէ մեկը չի հարցնում տնօրենին` եթե Դուք եք տնօրենը և կնիքը ձեր ձեռքում է, գեղխորհուրդն ի՞նչ իրավունք ունի նախարարությունից ֆինանսներ ուզելու: Ներկայացման ֆինանսավորման հարցը նորից փակուղի մտավ, և արդյունքում` վարկաբեկվեց խորհուրդը, թե բան էր խոստացել և չարեց: Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ հիմա պետք է ինքն իրեն հարց տա` ուզո՞ւմ է ունենալ պատրաստված, ստեղծարար միտք և ստեղծագործական խառնվածք ունեցող տնօրեն, թե՞ ոչ: Մենք Ռուբեն Բաբայանին էլ կասենք` լավ տնօրեն, Վարդան Գրիգորյանի՞ն էլ: Ինձ մնում է միայն հավելել՝ գեղարվեստական խորհրդի անդամներս այլևս անելիք չունենք։ Մեզանից յուրաքանչյուրն իր գործն ունի՝ ոչ պակաս կարևոր, քան այս թատրոնի ճակատագիրը։ Մաղթում եմ, որ թատրոնն, ի վերջո, գտնի իր տեղը մեր թատերական համայնապատկերում։
Կարինե Հարությունյան