կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 14:41
Քաղաքական

Չի կարելի միշտ աղքատի հոգեբանությամբ ապրել. Գալուստ Սահակյան

Չի կարելի միշտ աղքատի հոգեբանությամբ ապրել. Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ` Մարտի 8-ի տոնի իմաստը, խորությունն ու ոգեղենությունը այնքան է, որ զարգացած տնտեսություն ունենալու պարագայում կարելի է այդ օրվա տոնական միջոցառման վրա ծախսել ոչ թե 54 հազար դոլար, այլ անգամ 500 հազար դոլար: Yerkir.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ շատ հաճախ ընդդիմադիրները կամ շատ քաղաքացիներ մտածում են` միայն քնեն, վեր կենան, ուտեն ու քնեն, այնինչ` կանանց տոնը պետք է արժևորվի:


Նշենք, որ կառավարությունը   Մարտի 8-ին նվիրված «Միայն սիրո մասին» տոնական համերգային ծրագրի կազմակերպման ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացրել էր 22 միլիոն 425 հազար դրամ կամ այսօրվա փոխարժեքով հաշված` մոտ 54 հազար 155 դոլար:


«Կանանց տոնը ոչ թե քաղաքականության մաս է կազմում, այլ մեր ազգային ինքնության ամբողջության գնահատականն է, էնպես որ` գաղափարը ավելի մեծ է, քան ծախսերը»,- ասաց Գալուստ Սահակյանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ հասարակությունը միշտ պետք է պայքարի ոչ թե հարուստների, այլ աղքատության երևույթի դեմ: Նրա համոզմամբ` այդ կարիքավոր կանանցից շատերը մասնակցել են այդ համերգին և մեծ բավականություն ստացել:


Գալուստ Սահակյանը հիշեցնում է անցած տարիները, երբ պետք է լուծվեր ճանապարհների փոսերի ու լուսավորություն անցկացնելու խնդիրները: Եվ այն ժամանակ էլ ընդդիմադիրները և շատ քաղաքացիներ դժգոհում էին, որ ճանապարհների կառուցման համար հատկացվող գումարը ավելի լավ է տան կարիքավոր  ընտանիքներին, բայց հիմա այդ մասին այլեւս չեն խոսում, որովհետև լավ ճանապարհներ ունենք:


«Հիմա էլ խոսում են, թե ինչո՞ւ այդ ճանապարհների վրա մի քերծվածք կա: Հոգեվիճակի խնդիր է, չի կարելի միշտ աղքատի հոգեբանությամբ ապրել: Կարող էինք այդ 20 միլիոն դրամը բաժանել կարիքավոր ընտանիքներին, փողը վերջացող բան է, բայց հավատամքը, ինքնությունը, դա հավերժական երևույթներ են, այնպես որ` դրա վրա ավելի շատ պետք է ծախսել»,- ասաց Գալուստ Սահակյանը: