Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դիլիջան մանկական հակատուբերկուլոզային առողջարան» ՓԲԸ-ն կանգնած է փակման եզրին. առողջարանի 41 աշխատակիցներն իրենց անելիքը չգիտեն, և սպասում են ինչ-որ որոշման: Խնդիրն այն է, որ այս տարի առողջապահության նախարարությունն առողջարանին տրամադրել է սովորաբար նրանց տրամադրվող գումարից 5 անգամ քիչ գումար:
Բուժաշխատողները նշում են, որ եթե, օրինակ, անցած տարի իրենց տրամադրվել է 273 մլն դրամ, ապա այս տարի տրամադրվել է 58 մլն դրամ: Այս պահին առողջարանում 31 երեխա է վերականգնողական բուժում ստանում, որոնք պետպատվերի շրջանակներում վերջին երեխաներն են, քանի որ տրամադրված գումարն արդեն իսկ սպառվել է:
Բուժաշխատողների խոսքով՝ այս պահին էլ մի շարք երեխաներ կան, որ ուզում են առողջարանում իրենց վերականգնողական բուժումը ստանալ:
Ի դեպ, «Դիլիջան մանկական հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ի հետ կապված հայտնի են որոշ ուշարժան փաստեր: Օրինակ, 2017-ին այն հանվել էր վաճառքի: Առողջարանի տարածքը վարձակալության իրավունքով դեռ 2007-ից տրամադրել էին «Առողջ ապագա» բժշկական կենտրոն ՍՊԸ-ին: «Առողջ ապագա» բժշկական կենտրոն»-ը «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում խոշոր գումարներ ստացող բժշկական հաստատություններից է: «Հետքը» դեռ տարիներ առաջ գրել էր, որ ընկերությունը 50/50 կիսում են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի կինը՝ Ժաննա Աղաբաբյանը և առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի կինը՝ Լիլիթ Գասպարյանը:
Թե որն է պատճառը, որ առողջարանի ֆինանսավորումն այսքան կրճատվել է, և ինչ ճակատագրի են արժանանալու հիմնարկի աշխատակիցները և հիմնարկը՝ Yerkir.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշենք, որ նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան դեռ հուլիսի 24-ին տեղեկացրել էին, որ ինֆորմացիան տրամադրելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք:
Այսօր արդեն իսկ տրամադրեցին ինֆորմացիա, որ «Դիլիջան մանկական հակատուբերկուլոզային առողջարան» ՓԲԸ-ի միջև «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցման մասին» պայմանագիր չի կնքվել:
Նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների 2018-ի պայմանագրային գումարներում կատարվել են փոփոխություններ: «Արդյունքում, օրինակ, «Առողջ ապագա բժշկական կենտրոն»-ին տրամադրվող գումարը նվազել է շուրջ 215 մլն դրամով: Բացի այդ՝ առողջապահության նախարարի հրամանով՝ ուսումնասիրություններ են կատարվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով «Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններում»,-ասում են նախարարությունից՝ հավելելով, որ ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են, և արդյունքները կներկայացվեն դրանց ամփոփումից հետո: