կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-22 14:07
Հասարակություն

Թալիշում զոհված կամավորի 14-ամյա որդին լսելու իրական շանսեր ունի

Թալիշում զոհված կամավորի 14-ամյա որդին լսելու իրական շանսեր ունի

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Թալիշում հակառակորդի կողմից մահացու վիրավորված` 48-ամյա շուշեցի Վազգեն Հարությունյանի` առողջական խնդիրներ ունեցող  որդին` 14-ամյա Գրիգորը լսելու իրական շանսեր ունի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր ղեկավար Նարինե Մանուկյանը:

Նշենք, որ Գրիգորը տառապում է մանկական ուղեղային կաթվածով և չի լսում:

Մանուկյանը պատմեց, որ երեկ ՀՀ առողջապահության նախարարության ուղեգրով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Գրիգորին հետազոտել է հանրապետության գլխավոր մանկական նյարդաբան Արծրունի Հակոբյանը և հայտնել, որ երեխան տարին գոնե երկու անգամ պետք է վերականգնողական բուժում անցնի: Այնուհետև Գրիգորը հետազոտվել է «Արաբկիր» ԲԿ-ում, որտեղ պարզվել է, որ հնարավորություն կա վերականգնելու երեխայի լսողությունը: Մանուկյանը նշեց, որ վաղը նորից կհետազոտեն Գրիգորին, որպեսզի պարզեն, թե ինչ լսողական սարք է պետք երեխային:

«Ես ուրախ եմ, որ ֆեյսբուքյան լսարանն անմիջապես արձագանքեց, մարդիկ պատրաստակամություն հայտնեցին օգնել ընտանիքին, Գրիգորին և եղբորը` Ալեքսանդրին: Պլանշետ ու հեռախոս են նվիրել, հագուստ ենք գնել, իսկ վաղն էլ հեծանիվներ կգնենք, որպեսզի ինչ-որ չափով օգտակար լինենք»,- ասաց նա:

Նարինե Մանուկյանը հայտնեց, որ «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի խորհրդի անդամ Նազենի Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել գնել երեխայի լսողական սարքը:

Հիշեցնենք, որ Շուշիում Վազգենի 13-ամյա որդին Yerkir.am-ին պատմել էր, որ ցանկանում է աշխատել ու շարունակել հոր` կիսատ թողած գործերը` եղբորը տանել բուժման, տան համար ծածկ սարքել: Մեր հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին օգնել սոցիալական ծանր պայմաններում ապրող` կամավորի ընտանիքին: