Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում ԵԱՀԿ-ի դիրքորոշումը՝ կապված հունիսի 20-ին կայանալիք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպման հետ: Նա այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ նախագահների հանդիպումից առանձնապես մեծ սպասելիքներ չունի:
«Կարծում եմ՝ միակ օրակարգը, որով Հայաստանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը, բանակցությունների վերսկսման համար համապատասխան հիմք ապահովելն է: Գաղտնիք չէ, որ Վիեննայից հետո, երբ Ադրբեջանը ոտքը դնում է սեփական հողին, բացարձակապես այլ շեշտադրումներով է սկսում հանդես գալ, քանի որ ուղղակիորեն հերքեց բոլոր պայմանավորվածությունները»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմի օրակարգում պետք է լինի ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ներառելը՝ որպես լիիրավ կողմի: Ըստ Զոհրաբյանի՝ Հայաստանի ու Ադրբեջանի բոլոր պայմանավորվածություններն ի չիք կդառնան, եթե չլինի ԼՂՀ-ի համաձայնությունը:
Հարցին, թե վտանգավո՞ր չէ միայն Ռուսաստանի մասնակցությամբ հանդիպումը` հաշվի առնելով այն, որ ՌԴ-ն ակտիվ խոսում է խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, պատգամավորը պատասխանեց. «Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր շատ բան կարող են պնդել, բայց մենք պետք է առաջնորդվենք մեր քաղաքական օրակարգով: Որտեղ որ պետք է շատ ավելի կտրուկ լինենք, պետք է լինենք շատ ավելի կտրուկ, որտեղ պետք է ընդհանրապես դուռը շրխկացնենք, պետք է շրխկացնենք, իսկ որտեղ տեսնում ենք հնարավոր փոխզիջումներ, պետք է գնալ այդ փոխզիջումներին»:
Այդուամենայնիվ, ԲՀԿ ղեկավարը պնդեց, որ այս պահին բանակցությունների վերսկսման նախադրյալները զրոյական են:
Դիտարկմանը, որ հունիսի հանդիպման ընթացքում կամփոփվեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները, սակայն առ այս պահը որևէ պայմանավորվածություն ի կատար չի ածվել, հիմա այս հանդիպումը հանուն ինչի՞ է, եթե այն նաև բանակցություն չէ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Եկեք մենք հանրապետության նախագահի փոխարեն չորոշենք, թե ինքն ինչ օրակարգով է գնալու բանակցությունների: Միգուցե նա դնում է այն օրակարգը, որ Ադրբեջանը պիտի գա Վիեննայի պայմանավորվածություններին: Ինքս ասում եմ` իմ և ԲՀԿ-ի տեսակետն այն է, որ քանի դեռ Ադրբեջանը մերժում է ցանկացած կոնստրուկտիվ առաջարկ, նրա հետ բանակցելը բացարձակապես անիմաստ է: Ես վստահ եմ, որ եթե երկրի նախագահը գնում է հանդիպման, ապա գնում է հստակ օրակարգով»: