կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 19:51
Առանց Կատեգորիա

Կլինի՞ Հայաստանը Թուրքիայի նոր կառավարության թիրախում

Կլինի՞ Հայաստանը Թուրքիայի նոր կառավարության թիրախում

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ մայիսի 22-ին կայացած  արտահերթ համագումարում կուսակցության նախագահ և երկրի վարչապետ ընտրվեց մինչ այդ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնն զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը։ Նա այսօր հրապարակել է նախագահ Ռեջեփ Էրդողանի հաստատած իր նոր՝ Թուրքիայի թվով 65-րդ կառավարության կազմը:

Այսպիսով, ավարտվեց նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վարչապետության 20-ամսյա խիստ հագեցած «դարաշրջանը»։ Դեռևս մայիսի սկզբներին նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն հայտարարել էր, թե չի պատրաստվում իր թեկնածությունը կրկին առաջադրել կուսակցության նախագահի, դրանով իսկ՝ երկրի վարչապետի պաշտոններում։ Հիմնավորումն այն էր, թե ցանկանում է պահպանել իշխող կուսակցության միասնականությունը։ Դրանով Դավութօղլուն ակնարկել էր, որ իր հեռացումը կապված է նախագահ Էրդողանի հետ ունեցած տարաձայնություններով։

Հիմնական անհամաձայնությունները կապված էին Թուրքիայում նախագահական կառավարման համակարգի անցնելու, իսկ իրականում` երկրում  դե ֆակտո իր դիկտատուրան հաստատելու` նախագահ Էրդողանի անշեղ քաղաքականության հետ։ Էրդողանին չէր բավարարում, որ երկրի վարչապետն իր կաբինետով ոչ միայն ոչինչ չի ձեռնարկում այդ անցումն արագացնելու ուղղությամբ, այլև թաքուն դիմադրում է դրան։ Դավութօղլուն իսկապես դեմ էր խորհրդարանական կառավարման համակարգը նախագահականով փոփոխելուն, ինչում տեսնում էր Թուրքիայի պետական կառավարման քեմալական հիմքերի ավիրման միտում։ Վարչապետի պաշտոնը թողնելու մասին հայտարարությունն անելուց հետո` մայիսի 9-ին,Դավութօղլուն ցուցադրական կերպով հանդիպեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ` հայտարարելով․ «Հիմքերից մեկը, որին ապավինելով Թուրքիան կարող է ապագային նայել ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությամբ՝ հանդիսանում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը»։ Նա բանակը համարել է երկրի կենսունակության գրավականը՝ փորձելով ցույց տալ, թե որտեղ է Թուրքիան իր ետևից տանում պետական կառավարման համակարգում բանակի դիրքերը հետևողականորեն թուլացնող Թայիփ Էրդողանը։

 Այն փաստը, որ Յըլդըրըմը  եղել է իշխող կուսակցության առաջադրած նոր վարչապետի միակ թեկնածուն, թույլ է տալիս եզրակացնել, որ նրա ընտրությունը պայմանավորված է եղել անձամբ Էրդողանի ցանկությամբ, և որ նոր վարչապետը, լինելու է նրանից կատարյալ կախվածության մեջ։

Որքան էլ այս քաղաքական այս վերադասավորումները լինեն Թուրքիայի ներքին հարցը, դրանք չեն կարող Հայաստանին չվերաբերվել։  

Նախկին վարչապետի քաղաքականությունը, որն սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ Դավութօղլուն զբաղեցնում էր արտգործնախարարի պաշտոնը, կարելի է վտանգավոր և ագրեսիվ համարել։ Չնայած պանթուրանականության և թուրքական աշխարհի նկատմամբ Թուրքիայի հեգեմոնիան հաստատելու ընդգծված գաղափարախոսը լինելու իրողությանը՝ Դավութօղլուն փորձում էր զուգահեռ կյանքի կոչել այսպես կոչված «զրո խնդիրներ հարևանների հետ» կոնցեպտը, որը, սակայն, վերջնարդյունքում հանգեցրեց «խնդիրներ բոլոր հարևանների հետ» արդյունքին։ Թուրքական արտաքին քաղաքականությունը տապալվեց գործնականում  բոլոր ուղղություններով՝ թե հայկական, թե սիրիական, թե ռուսական և թե եվրաինտեգրման։ Չնայած ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը՝ Թուրքիան ավելի հեռացավ նրանից։ Բրյուսելը հիմա առավել քան երբևէ բաց տեքստով է հասկացնում, որ չի ցանկանում գործ ունենալ իրեն անդադար խաբող և քայլ առ քայլ դեպի տոտալիտարիզմի անդունդը գլորվող Թուրքիայի հետ։ ԵՄ-ն  մերժեց առանց վիզայի ռեժիմի անցնելու Անկարայի առաջարկը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեգնել էր, թե «առաջընթացի ներկա տեմպերով Թուրքիան, հավանաբար, կկարողանա ԵՄ-ին անդամակցել 3000թ.-ից ոչ շուտ»։

Սիրիական հարցում թուրքական գիծը նախ Սիրիայում, ապա նաև հենց Թուրքիայի ներսում հանգեցրեց միջէթնիկական բախումների՝ խոցելի դարձնելով երկրի և ողջ տարածաշրջանի անվտանգությունը՝ մանավանդ միջազգային ահաբեկչությանը, ծայրահեղական իսլամիզմին Անկարայի կողմից ցուցաբերված գրեթե բացահայտ աջակցության ֆոնին։ Իսկ Ռուսաստանի հետ իր արկածախնդիր դիմակայությամբ Թուրքիան լուրջ գլխացավանք դարձավ իր մերձավորագույն դաշնակցի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար։

Սակայն սիրիական ճգնաժամից հետո, Դավութօղլուի քաղաքականությունն ամենամեծ վնասը հասցրեց Հայաստանին։ Նախ «խաղարկվեց» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ցյուրիխյան զույգ արձանագրությունների բլեֆը, ապա Ռուսաստանի հետ առճակատման մեջ մտնելով, ըստ էության, Թուրքիան ԼՂ հիմնահարցն օգտագործելով` Ադրբեջանի օգնությամբ Հարավային Կովկասը դարձրեց այդ դիմակայության հիմնական թատերաբեմերից մեկը։ Ղարաբաղյան պատերազմի ներկայիս երկրորդ սրացման հարցում Դավութօղլուի հետքը բոլորովին երկրորդական չի կարելի համարել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի եռանդով էր նախկին վարչապետն աջակցում Ադրբեջանին՝ Արցախի դեմ վերջինիս սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում։

Ողջ հարցն այն է՝ արդյո՞ք նոր կառավարությունը կշարունակի այս ավերիչ քաղաքականությունը։ Բինալի Յըլդըրըմի կառավարության կազմում նախորդից մնացած երեք-չորս ֆիգուրներից մեկը Մևլութ Չավուշօղլուն է, որ պահպանել է արտաքին գործերի նախարարի պորտֆելը։ Սա նշանակում է, որ հիմնական մասով  Թուրքիայի արտաքին քաղաքականությունն էական փոփոխությունների չի ենթարկվելու։ Չավուշօղլուն հետայսու սպասարկելու է ավելի շատ Էրդողանի արտաքին քաղաքական շահերը, և կարելի է հարավկովկասյան ու հակահայկական ուղեգծի առումով նույնիսկ է'լ ավելի սրացման կամ կոշտացման սպասել՝ հաշվի առնելով Հայաստանի և հայկական գործոնի նկատմամբ Չավուշօղլուի անձնական վերաբերմունքը։ Ամեն դեպքում, նկատի ունենալով արդեն ձևավորված ավանդույթը` առաջիկայում թերևս տեղի կունենա Թուրքիայի նորընտիր վարչապետ  Յըլդըրըմի այցը Ադրբեջան, որի համատեքստում հնչեցվելիք ուղերձներն էլ որոշակիորեն հասկանալի կդարձնեն, թե վերանայումները որքանով են խորքային կամ կոսմետիկ լինելու, և ղարաբաղյան, տարածաշրջանային զարգացումների առումով ավելի կոնկրետ ի՞նչ կարելի է սպասել Թուրքիայի նոր կառավարությունից։

Գևորգ Դարբինյան