Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաստաբան Էլչին Սադըգովը երեկ Բաքվի քննչական մեկուսարանում այցելել է երիտասարդ ակտիվիստներ Գիյաս Իբրահիմովին և Բայրամ Մամեդովին, որոնք ձերբակալված են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, սակայն իրական պատճառը Հեյդար Ալիևի արձանին արված գրաֆիտին է. հայտնում է contact.az-ը:
Սադըգովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Իբրահիմովը մանրամասն տեքստ է գրել խոշտանգումների մասին, որոնց իրեն ենթարկել են ոստիկանական տարբեր հիմնարկներում: Սակայն այդ դիմումը նրանից վերցրել են` ասելով, թե կտտանքների վերաբերյալ բողոքել չի կարելի: Այդ պատճառով փաստաբանն ինքն է գրառել Իբրահիմովի ցուցմունքները և տրամադրել ԶԼՄ-ներին:
«2016-ի մայիսի 10-ին, դուրս գալով Սլավոնական համալսարանից, չանցա 30 քայլ և անմիջապես ուժեղ հարված ստացա գլխիս, ապա` երկրորդը ու ընկա` դեմքով ներքև: Ինձ արագ բարձրացրին ու գցեցին կապույտ մեքենան: Մեքենայում երկու կողքիցս քաղաքացիական հագուստով մարդիկ էին: Ինձ մեղադրելով հուշարձանին գրելու համար` սկսեցին ծեծել ու վիրավորել»,- պատմել է Իբրահիմովը:
Նրան տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն ու այնտեղ էլ են ծեծել: «Ամենից շատ խփում էին գլխիս, վզիս` հետևից: Ես սկսեցի կորցնել գիտակցությունս: Ձեռքերս հետևից շղթայեցին ու ջուր լցրեցին վրաս: Ասացին, որ երկու ընթերակա են հրավիրել, հիմա ինձ մոտից թմրանյութեր կհանեն, և նրանք դա կտեսնեն: Հետո բաճկոնիս ձախ գրպանից ինչ-որ բան հանեցին` ասելով, որ թմրանյութ է: Ասացի, որ դա իմը չէ, ես նույնիսկ չեմ ծխում, որ նրանք են դա գցել գրպանս, երբ գիտակցությունս կորցրած եմ եղել: Այդ ժամանակ ինձ դարձյալ սկսեցին ծեծել: Ցավն անտանելի էր»,- շարունակել է Իբրահիմովը` հավելելով, որ կողքի սենյակում էլ ծեծում էին Մամեդովին:
Ակտիվիստից պահանջել են, որ ներողություն խնդրի Հեյդար Ալիևի հուշարձանի առաջ, ծաղիկներ դնի, իսկ AzTV-ն դա կնկարահանի: Երիտասարդը հրաժարվել է, նաև` որ թմրանյութն իրենն է: «Եվ դարձյալ սկսեցին ծեծել: Հանեցին տաբատս ու սպառնում էին մահակով բռնաբարել: Ստիպված ընդունեցի թմրանյութեր պահելու կեղծ մեղադրանքը: Հետո նրանք ասացին, որ իմ տանն էլ թմրանյութ կհայտնաբերվի, և ես պետք է դա ընդունեմ: Երբ ասացի, որ չեմ ընդունի դա, ասացին, որ կձերբակալեն ծնողներիս»,- պատմել է Իբրահիմովը: Ընդ որում` ոստիկանները իրականացրել են սպառնալիք` թմրանյութ են «գտել» ակտիվիստի մոր ներքնակի տակից: