կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 13:31
Հասարակություն

Հանդիպումը բանակցության կվերածվի այն ժամանակ, երբ նույն սեղանի շուրջ լինի նաև Ղարաբաղը

Հանդիպումը բանակցության կվերածվի այն ժամանակ, երբ նույն սեղանի շուրջ լինի նաև Ղարաբաղը

Պետք է հստակ հասկանանք, որ հանդիպումն ու բանակցությունը տարբեր բաներ են, և երեկ ոչ թե բանակցություն էր, այլ` հանդիպում. այսօր լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն` անդրադառնալով երեկ Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը:

Ըստ նրա` երեկվա հանդիպման նման հանդիպումներ շատ կլինեն և երկար կտևեն: «Լավ էր, որ կար հայտարարություն, թե ինչի մասին են խոսել նախագահները, և ուշագրավ էր այն, որ հայկական կողմն ինֆորմացիա էր տալիս, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները ստիպված էին հղում տալ մեր լուրերին: Բայց պետք է ասեմ նաև, որ եթե չկարողանանք ձևավորել ներքին գործընթացը, որի շնորհիվ մեր բանակի հզորությունը կգերազանցի ադրբեջանական բանակին, հանդիպումը կմնա որպես հերթական փաստաթուղթ»,- ասաց Պողոսյանը:

Ըստ նրա` սրանով չի կարելի ասել` վերջ, եկեք նորից անցնենք նախկին իրավիճակին, քանի որ պատերազմը չի ավարտվել: «Եթե Ադրբեջանը չի թողնում, որ Ղարաբաղն էլ մտնի հանդիպման սենյակ, նշանակում է` ռազմական լուծման հետևից է գնալու: Հուսամ` մի օր Մինսկի խմբում կլինեն նաև անվանակոչումներ, քանի որ բացակայում է հասցեական մեղադրանքը: Մյուս կողմից` պետք է նայենք, թե ինչ շահեր ունեն այս գործընթացից համանախագահները, և հենց նրանց շահերը ձևավորվեն, նոր միայն կսկսեն մոնիթորինգ անցկացնել»,- նշեց Պողոսյանը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ Ադրբեջանը գիտի` ինչ էլ քննարկվի, միևնույն է, եթե Ղարաբաղը ներկա չէ բանակցությունների ընթացքին, ապա հետո կարող է ուղղակի չընդունել որոշվածը:

Խոսելով ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածի մասին` նա նշեց, որ դա լավագույն ժամանակահատվածն էր`փորձել դուրս գալ Մադրիդյան սկզբունքներից մասնակի կամ ամբողջովին: «Ես չեմ ասում, որ բանակցությունները պետք է դադարեն, այլ ուղղակի պետք է հասկանալ, որ դրանց անպայմանորեն պետք է նաև արցախյան կողմը մասնակցի: Հանդիպումները կվերածվեն բանակցության այն ժամանակ, երբ նույն սեղանի շուրջ կլինի նաև Ղարաբաղը»,- ասաց Ալավերդյանը:

Ըստ նրա` այս ընթացքում որևէ մեկը չի անդրադարձել ԼՂ հիմնահարցի լուծման խնդրին, և մենք դարձյալ մնացել ենք կիսատ-պռատ գնահատականների հույսին: