կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-30 17:45
Տարածաշրջան

Սեբաստիայի Գյուրյուն գավառի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերականգնումն ավարտին է մոտենում․ այն կվերածվի թանգարանի

Սեբաստիայի Գյուրյուն գավառի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերականգնումն ավարտին է մոտենում․ այն կվերածվի թանգարանի

Սեբաստիայի (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Սվաս) Գյուրյուն գավառում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Եկեղեցին նաև հատուկ ամրացվել է, որպեսզի կարողանա դիմադրել երկրաշարժերին։

Այս մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է «Իհլաս» թուրքական լրատվական գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ անցյալ տարի սկսված վերականգնման աշխատանքները շուտով կավարտվեն։ Եկեղեցու արտաքին պատերի վերանորոգումն ավարտված է, իսկ ներսում դեռևս անավարտ աշխատանքներ կան։ Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնման աշխատանքների հետ մեկտեղ ամրացնել եկեղեցին, որպեսզի այն կարողանա դիմադրել երկրաշարժերին։

Այս շրջանի ամենամեծ եկեղեցիներից մեկը հանդիսացող Սուրբ Աստվածածինը վերանորոգվում է Թուրքիայի Մշակութային հարստությունների և թանգարանների գլխավոր տնօրինության կողմից։ Վերականգնվելուց հետո եկեղեցին կհանձնվի Գյուրյունի քաղաքապետարան, որն այն կօգտագործի որպես քաղաքային թանգարան։

Վերականգնողական աշխատանքների մասին թուրքական գործակալության թղթակցին տեղեկություններ հաղորդած Գյուրյունի քաղաքապետ Նամի Չիֆթչին շեշտելով, որ Սուրբ Աստվածածինը հասարակ եկեղեցի չէ, նշել է․ «Գյուրյունը 4 հազարամյա պատմություն ունի։ Այստեղի Շուղուլ ձորի ժայռերին խեթերից մնացած արձանագրություններ կան։ Խեթերն ապրել են մ․թ․ա․ 2000 տարի առաջ։ Դրա կապակցությամբ ենթադրում ենք, որ Գյուրյունում  4000 տարի առաջ արդեն կյանք է եղել։ Նախքան հանրապետական շրջանը այստեղ հոծ հայկական բնակչություն է եղել։ Այս վայրը Մետաքսի ճանապարհի վրա է գտնվում, դա է պատճառը, որ նախկինում Գյուրյունը խիստ բանուկ է եղել։ Սուրբ Աստվածածինը հասարակ եկեղեցի չէ, այլ՝ շրջանային սրբավայր։ Կայսերիից (Կեսարիա-Ակունքի խմբ․), Յոզղատից, Սվասից (Սեբաստիա-Ակունքի խմբ), Մարաշից և այս նահանգներին ենթակա ու Գյուրյունին մոտ եղող գավառներից քրիստոնեություն դավանող մեր քաղաքացիներն իրենց եկեղեցական ժողովներն ու կրոնական արարողությունները Գյուրյունում են արել»։

https://basakgazetesi.com/haber/restorasyonunda-sona-gelindi-depreme-karsi-guclendirilecek-186000.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net