կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-09 12:22
Քաղաքական

Մենք ոչ մի բանից և ոչ մեկից չենք վախենում. Նալբանդյան

Մենք ոչ մի բանից և ոչ մեկից չենք վախենում. Նալբանդյան

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողների հարցին, թե կա՞ն արձագանքներ միջազգային հանրությունից  Սերժ Սարգսյանի այն երեք պայմանների վերաբերյալ, որոնք առաջարկվել են` բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, պատասխանեց, որ երեկ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այս փուլում կարող են լինել հանդիպումներ ու քննարկումներ, թե ինչպես կանխարգելել ապրիլի սկզբին տեղի ունեցած ռազմական ագրեսիան, որը սանձազերծել էր Ադրբեջանը:

«Այնպիսի մեխանիզմներ պետք է  ներդնել, որոնք թույլ կտան համապատասխան պայմաններ ապահովել` բանակցային գործընթացը հետագայում վերսկսելու համար»,- ասաց նախարարը:

Իսկ թե ինչո՞ւ Հայաստանը այս փուլում ձեռնպահ է մնում ԼՂ անկախության ճանաչման գործընթացից, Էդվարդ Նալբանդյանը կրկնեց ԱԳՆ-ի դիրքորոշումը ԱԺ երկու պատգամավորների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ: Այսինքն` ԼՂ ճանաչման գործընթացը կախված կլինի Հայաստանի ու Արցախի միջև բանակցությունների ու քննարկումների, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումների ընթացքից:

«Պետք է նկատի ունենալ, որ դրանք նուրբ հարցեր են և հանկարծակի ու էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծվեն»,- ասաց Նալբանդյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե վախենո՞ւմ եք, նախարարը պատասխանեց. «Վախի հարց չկա,  մենք ոչ մի բանից և ոչ մեկից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը, և մեր դիրքորոշումն էլ համնահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Դրա մասին էին խոսում եռանախագահող երկրների հինգ հայտարարությունները: Դուք գիտեք, որ Ադրբեջանը մինչ այսօր խուսափում է որևէ հղում կատարել այդ հինգ հայտարարություններին, իսկ դրանք միջազգային հանրության դիրքորոշումն են ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Եվ կհիշեցնեմ, որ թե' ԱՄՆ-ից, թե' Ֆրանսիայից, թե' Ռուսաստանից հստակ հնչեց, որ  գլխավոր հարցը  ԼՂ ինքնորոշման հարցն է, և այդ խնդիրը միշտ գտնվել է բանակցությունների կենտրոնում, և այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ պետք է անել, որ ԼՂ ինքնորոշման իրավունքը ճանաչվի ու  իրացվի»: