ԱՄՆ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայում ընդդիմադիր լրագրողներ Ջան Դյունդարին և Էրդեմ Գյուլին ազատազրկելու մասին թուրքական դատարանի վճռի վերաբերյալ:
Ըստ Demokrathaber-ի՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է լրագրողներին ազատազրկելու՝ դատարանի որոշմամբ:
«Միացյալ Նահանգները մտահոգված է Ջան Դյունդարի ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի գործով դատավճռի կապակցությամբ»,- նշել է նա:
Քիրբին Թուրքիային հիշեցրել է նրա կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի մասին, որոնցում խոսքի ազատության վերաբերյալ կետեր կան:
«Թուրքիան պետք է հարգի միջազգային իրավունքում և իրենց իսկ Սահմանադրության մեջ տեղ գտած` խոսքի ազատության իրավունքները»,- նշվել է հայտարարության մեջ: