կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 21:27
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է

Դավիթ Տոնոյանը դատարանին հորդորել է հարգել իր ազատության իրավունքը. խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվել է

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 29-ին, տեղի է ունեցել ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավո»), ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Ավետիկ Մուրադյանի, Վլադիմիր Բաբայանի, Արտյոմ Համբարյանի գործով դատական նիստը։

Դատարանը մինչև մայիսի 2-ը հետաձգել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Դատական նիստին Դավիթ Տոնոյանն առարկել է դատավորի գործողությունների դեմ, պնդելով, որ քրեական գործով անհարկի ձգձգումներ են տեղի ունենում։ Նա հորդորել է դատարանին՝ հարգել իր ազատության իրավունքը։

Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել է խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով՝ գրավի չափ առաջարկելով 10 մլն ՀՀ դրամը։ 

Հիշեցնենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ամբաստանյալի կարգավիճակ ունեն բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ մեղադրանքի՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ, Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ, Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է  իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել, Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։