կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-05 16:09
Իրավական

Կառավարությունը կապաքրեականացնի մաքսանենգությունը

Կառավարությունը կապաքրեականացնի մաքսանենգությունը

Այսօր կառավարության նիստում ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց նախագծի փաթեթ, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հանգամանքով: Ճանապարհային քարտեզով նախատեսված է, որ ՀՀ-ն պետք է և' քրեական օրենսդրությունում, և' վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունում կատարի համապատասխան փոփոխություններ:

Անկյունաքարային փոփոխությունը «Մաքսանենգություն» հոդվածի ապաքրեականացումն է` Հայաստան ներմուծվող ապրանքների մասով, ինչը նշանակում է, որ օրենսդրական փաթեթի ընդունումից հետո ՀՀ ապրանքների ներմուծումը, որը կատարվել է` մաքսային հսկողությունը շրջանցելով, կամ մաքսային հայտարարագրերում ոչ ճշգրիտ տեղեկություններ գրանցելով, այլևս  չի դիտարկվելու որպես մաքսանենգություն, և չի կիրառվելու քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը: Եվ նման դեպքերի ժամանակ տնտեսվարող սուբյեկտներին առաջարկվելու է վճարել պակաս վճարված մաքսային վճարները, քրեական պատասխանատվությունը փոխարինվելու է վարչական պատասխանատվությամբ` մաքսային արժեքի 100 տոկոսի չափով, և եթե այդ ամենից հետո տնտեսվարողը չփոխհատուցի տնտեսությանը պատճառած վնասը, նոր միայն կկիրառվի քրեական պատասխանատվություն, այնպես, ինչպես կիրառվում է հարկերի չվճարման պարագայում:

Ապաքրեականացումը չի վերաբերում այնպիսի ապրանքների ներմուծմանը, ինչպիսիք են թմրանյութերը, զենք-զինամթերքը, ռադիոակտիվ նյութերը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ երկար աշխատանք է տարվել վերոնշյալ փաթեթի վրա, կան երեք առանցքային խնդիրներ, որոնք մնացել են չլուծված, և մինչև ԱԺ ներկայացնելը դրանք պետք է լուծվեն:

Կառավարության կողմից մշակված նախագծի վերաբերյալ հարց բարձրացրեց նաև Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանը: Ըստ նրա` ներկա պահին պետք է զերծ մնալ նման նախագծի ընդունումից: «Ներկա պահին Բելառուսը և Ղազախստանը նմանատիպ օրինագծեր չեն ընդունել, և նրանց մոտ մաքսանենգությունն ամբողջությամբ գործում է: Մեկ առարկություն կար նաև: Մենք հիմնավորման մեջ նշել էինք, որ մաքսանենգության օրենքի առաջին մասի ապաքրեականացումը համահունչ չէ գործող քրեաիրավական հարաբերություններին: Նկատի ունենալով, որ ապրանքների մաքսանենգությունը միտումնավոր կազմակերպված, իրականացված հանցագործություն է, որի նպատակն է հարկերից չարամտորեն խուսափելը, տվյալ դեպքում, եթե հարկերից չարամտորեն խուսափելը քրեորեն պատժելի արարք է, ինչո՞ւ պիտի մաքսանենգության առաջին մասով նախատեսվածն ապաքրեականցնել: Նշված հարցը մի քանի անգամ քննարկվել է, մենք մեր առարկությունները մի քանի անգամ ասել ենք, եթե հնարավորություն ընձեռվի` մի անգամ էլ վերջնական քննարկենք և վերջնական որոշում կայացնենք»,- իրավիճակից դժգոհեց ԱԱԾ պետի տեղակալը:

Արձագանքելով քննադատությանը` Միրումյանն ասաց, թե իրենք հիմք են ընդունել Ռուսաստանի մոդելը, որտեղ մաքսանենգությունն ապաքրեականացված է:

Ի տարբերություն ԱԱԾ պետի տեղակալի` վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոհ էր նախագծից: «Իմ կարծիքով` ճիշտ հարց ենք լուծում»,- ասաց նա և բոլոր շահագրգիռ մարմիններին հորդորեց քննարկել և ձևավորել միասնական կարծիք: