Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 13:22
Աշխարհ

ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Ջեյմս Ուորլիքի հետ

ԱՄՆ-ում ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Ջեյմս Ուորլիքի հետ

ԱՄՆ Արևելյան և Արևմտյան շրջանների ՀՅԴ Կենտրոնական կոմիտեների ներկայացուցիչներ Հայկ Օշականն ու Տարոն Տեր-Խաչատուրյանը, Հայ Դատի Կենտրոնական հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանը և կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։

Ըստ Armenian Weekly-ի` հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները Ուորլիքի հետ քննարկել են Արցախյան հարցը: Ամերիկահայ համայնքի առաջնորդները ամերիկյան կողմից պահանջել են դատապարտել Բաքվի ագրեսիան, վայրագություններն ու նոր պատերազմի սպառնալիքները:

Նրանք Ուորլիքից պահանջել են «Լիհիի օրենքի» շրջանակներում մարդու իրավունքների խախտման հետաքննություն իրականացնել Ադրբեջանի նկատմամբ` հաշվի առնելով ադրբեջանական կողմի հարձակումները Արցախի քաղաքացիների և զինծառայողների վրա:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները պետքարտուղարությանից պահանջել են նաև դադարեցնել լռությունը` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծելու հանրային սպառնալիքի նկատմամբ: Նրանք իրենց հիասթափությունն են հայտնել նաև ԱՄՆ կառավարության` Ռոյս-Էնգելի առաջարկների իրագործման հարցում Ադրբեջանի խոչընդոտը հաղթահարելու անկարողության առթիվ:

90 րոպե տևած հանդիպման ընթացքում ամերիկահայ համայնքի ղեկավարներն ընդգծել են, որ տեղի հայ համայնքն ավելի է համախմբվել` աջակցելու Լեռնային Ղարաբաղին և հզորացնելու այն:

Պատվիրակությունը մերժել է այն գաղափարը, որ Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումների պայմաններում կարող են լինել բանակցություններ, իսկ ցանկացած բանակցություն, իհարկե, պետք է ներառի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցությունը: