Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մյուս համանախագահների հետ Բաքվից և Ստեփանակերտից հետո ժամանելով Երևան, ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Նախագահ Ալիևը քննարկում է բացել ԼՂ կարգավիճակի հարցի վերաբերյալ: Սա մի բան է, որ մենք բոլորս պետք է ողջունենք: Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Դիրքորոշումները կողմերի միջև կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ այս հարցերը հասարակության դատին ներկայացվեն և' Հայաստանում, և' Ադրբեջանում, և' ԼՂ բնակչության համար: Ես Բաքվում էլ ասացի, այստեղ էլ կկրկնեմ՝ մենք ողջունում ենք Ալիևի այդ հայտարարությունը ոչ նրա համար, որ դա վերջին խոսքն է, այլ նրա համար, որ նա այս հարցը, այս խնդիրը առաջ է քաշում ու դարձնում քննարկման թեմա»:
Եթե Ալիևն իսկապես ցանկանար ԼՂ կարգավիճակի որոշման հարցը դարձնել հանրային քննարկման առարկա, ապա դրա համար արցախցիներին 1988թ. առաջ եղած ստատուս քվոյին վերադառնալու իմպերատիվ պահանջ ներկայացնելը, մեղմ ասած, ամենալավ տարբերակը չէ: Մի՞թե Ուորլիքն իսկապես կարծում է, որ Հայաստանում կամ Արցախում որևէ մեկը քննարկման առարկա կդարձնի մի առաջարկ, որը պարզապես ջնջում է հակամարտության` անցած գրեթե 30 տարիները: Այդ դեպքում ո՞ւմ համար է Ալիևը, ըստ Ուորլիքի, քննարկման դաշտ բացում: Եթե նա նկատի ունի ադրբեջանցիներին, ապա այդ հարցով քննարկում Ադրբեջանում երբեք չի լինում, նախ` որովհետև այնտեղ, Ալիևի կարծիքից բացի, այլ կարծիք պարզապես գոյություն ունենալ չի կարող, երկրորդ՝ ի՞նչը պետք է քննարկեն ադրբեջանցիները, եթե Ալիևը պարզ հայտարարում է, որ ԼՂ-ն առավելագույնը կարող է ինքնավար հանրապետության կարգավիճակ ունենալ: Այս մոտեցոմը խնդրի վերաբերյալ ալիևյան վարչակարգի նախկին դիրքորոշումից տարբերվում է միայն նրանով, որ ԼՂ-ին ինքնավար մարզի փոխարեն առաջարկվում է ինքնավար հանրապետության կարգավիճակ: Ուորլիքի պատկերացմամբ` ադրբեջանցիները պետք է քննարկեն, թե դրանցից ո՞րն է իրենց համար ընդունելի: Ուղղակի ծիծաղելի է: Եթե` ոչ, ապա ստացվում է, որ այդ հարցի կապակցությամբ ո'չ հայկական կողմը քննարկելու առանձնապես բան ունի, ո'չ էլ՝ ադրբեջանական: Իսկ եթե կողմերից ոչ մեկի համար քննարկելու բան չկա, ապա Ուորլիքը փորձում է պարզագույն մանիպուլյացիայի ենթարկել հայաստանյան հասարակությանը՝ ցանկալին ներկայացնելով իրականության տեղ: Իբր՝ տեսեք, քանի որ Ալիևը սկսել է խոսել Արցախին Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավարություն տրամադրելու մասին, ուրեմն նա ևս սկսել է առաջնային համարել ԼՂ-ի կարգավիճակի որոշման անհրաժեշտությունը, այսինքն` զգալիորեն մոտեցել է հայկական կողմի ակնկալիքներին: Նման բան, սակայն, կարող էր տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ալիևը 24 տարվա դիրքորոշումը կրկնելու փոխարեն խոսեր գոնե արցախցիների ինքնորոշման իրավունքը հարգելու և այդ իրավունքի իրացման հեռանկարը հնարավոր համարելու մասին: Քանի դեռ նման հայտարարություն Բաքվից չի հնչել, Ուորլիքի կողմից Ալիևի հայտարարությունները ողջունելն այլ կերպ չի կարող մեկնաբանվել, քան Ալիևին բացահայտ աջակցության ցուցաբերում: Որովհետև գրեթե կասկած չկա, որ Բաքուն հետագայում հենց Ուորլիքի այս հայտարարությունն է վկայակոչելու, որպեսզի տպավորություն ստեղծի, թե ԵԱՀԿ ՄԽ-ն և մասնավորապես ԱՄՆ-ը ողջունում են ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելու իրենց պահանջը, հետևաբար` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հանրահայտ սկզբունքներից առաջնայնությունը տալիս են պետության, տվյալ դեպքում` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմանը:
Առնվազն տարօրինակ է, որ Ուորլիքը և ՄԽ մյուս համանախագահողները հենց այս ուղերձով են ժամանում Երևան: Սա այն դեպքում, երբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների հարցը համանախագահները հետևողականորեն և շատ նրբորեն փորձում են հանել օրակարգից, թեև հենց դրանց կատարումը պետք է դառնար մնացած, այդ թվում` նաև ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ ֆունդամենտալ բանակցություններ վարելու նախապայմանը: Ահա, թե այդ պայմանավորվածություններն օրակարգից հանելու մոտեցումն ինչպես է հնչում Ջեյմս Ուորլիքի շուրթերով. «Քննարկվեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը, գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի ղեկավարության ներքո համաձայնություն կար առաջ ընթանալ Կասպրշիկի առաքելության ընդլայնման մասով: Մեր այցի նպատակը այն է, որ մենք որոշ մանրամասների շուրջ հստակեցումներ մտցնենք` կապված այս համաձայնությունը կյանքի կոչելու հետ: Միաժամանակ, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում քննարկում եղավ բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերի մասին»:
Հիշեցնենք, որ Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածությունները վերաբերում էին ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մոնիթորինգային թիմի ընդլայնմանը, այլ նաև հայ-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծի երկայնքով միջադեպերի արձանագրման տեխնիկական միջոցների տեղակայմանը և հետաքննությունների անցկացմանը՝ առաջին հերթին հրադադարի խախտումները կանխարգելելու, ապա նաև խախտում թույլ տվող կողմի պատասխանատվությունն ամրագրելու նպատակով: Հիմա, փաստորեն, Ուորլիքը խոսում է այս երեք պայմանավորվածություններից ընդամենը մեկի՝ Կասպրշիկի թիմի ընդլայնման մասին, այն էլ` ընդամենը դրա վերաբերյալ գաղափարները դեռ նոր միայն բանակցելու շրջանակում:
Մինչդեռ` Կասպրշիկի թիմի մեծացումը միայն սիմվոլիկ ազդեցություն է ունենալու հրադադարի պահպանման վրա, որովհետև ուղղակի հնարավոր չէ այդ թիմն այնքան մեծացնել, որ կարողանա վերահսկել շփման գիծն իր ողջ երկարությամբ, այն էլ՝ ամենժամյա ռեժիմով: Իսկ փորձը ցույց է տալիս, որ նախ՝ պարբերաբար Կասպրշիկի թիմի կողմից սահմանի այս կամ այն կետում դիտարկում անցկացնելը և խախտումներ չարձանագրելու մասին` դիտորդների հայտարարությունները բացարձակապես չեն խանգարում դրանից ուղղակի մետրերի հեռավորության վրա ռազմական գործողությունների իրականացմանը: Էլ չենք խոսում այն մասին, որ Կասպրշիկի թիմը չունի խախտում թույլ տվող կողմին մատնացույց անելու մանդատ: Այսինքն` միջնորդները, կենտրոնանալով հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից բացարձակապես անպետք այս դետալի վրա, փորձում են հող նախապատրաստել Հայաստանին տարածքային զիջումների բանակցությունների դաշտ ներքաշելու համար: Ահա, թե ինչու է Ուորլիքը հիշեցնում, որ, բացի այդ պայմանավորվածություններից, Վիեննայում և Սանկտ,Պետերբուրգում քննարկվել է նաև «բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերի» թեման: Ուորլիքն, այսպիսով, դիվերսիայի է ենթարկում հայաստանյան հասարակական կարծիքը՝ փորձելով տողատակով ասել, որ տարածքների զիջման թեմայից հրաժարվել չի լինելու: Մնում է հասկանալ՝ ինչպե՞ս է հայկական կողմը ետ մղելու այս դիվերսիան:
Գևորգ Դարբինյան