Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր մայիսի 1-ն է` Աշխատավորների միջազգային օրը: Հաճախ ենք լսում, որ այս կամ այն գործատուի կամայականության դրսևորման հետևանքով առանց աշխատանքի են մնում աշխատավորները բավական չէ` դեռ մի բան էլ գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կամ էլ ուղղակի վերջին ամսվա աշխատավարձը վճարել:
Գործատուների կամայականության պատճառը մեկն է` վստահ են` աշխատակիցը չի դիմի դատարան: Դատարան չդիմելու պատճառներն էլ տարբեր են` հայկական մենթալիտետ, գործատուի հետ հարաբերություններն, այնուամենայնիվ, չփչացնելու ցանկություն /մարդ ես` հաջորդ աշխատավայրում կիմանան ու չգիտես` ինչ կմտածեն/, իրավական քաշքշուկներից խուսափելը և, ամենացավալին, իրենց իրավունքների մասին ուղղակի տեղյակ չլինելը: Տարեցտարի, այնուամենայնիվ, ավելանում են մարդկանց թիվը, որոնք իրենց խախտված աշխատանքային իրավունքները վերականգնելու համար դիմում են դատական ատյաններին: 2015-ին, օրինակ, ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ ստացվել է 585 քաղաքացիական գործ, որը 84-ով ավել է, քան` 2014-ին:
2015-ի 584 քաղաքացիական գործից 132-ն եղել է աշխատանքը վերականգնելու վերաբերյալ, որից վարույթ է ընդունվել 125 հայցադիմումներինը, իսկ բավարարվել է 16-ը /15-ը բավարարվել է մասնակի/: 2014-ին 136` աշխատանքում վերականգնելու վերաբերյալ գործ է ստացվել, որից 133-ի դեպքում է վարույթ ընդունվել: Վարույթ ընդունված 133 հայցադիմումներից 20-ը բավարարվել է, 6-ը բավարարվել է մասնակի: Ի դեպ, եթե 2014-ին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ գործերից մերժվել է 29-ը, ապա 2015-ին` 6-ը:
Բացի այդ, 2015-ին ստացվել է 346 գործ` չվճարված աշխատավարձի և/կամ այլ վճարների բռնագանձման վերաբերյալ` 2014-ի 252-ի փոխարեն: Ի դեպ, դժվար է ասել` աշխատավորների իրավագիտակցությո՞ւնն է բարձրացել, որ դիմողների թիվը կտրուկ ավելացել է, թե նաև ավելացել են դեպքերը, երբ աշխատավարձը չեն վճարում:
Նախորդ տարի 346 գործից 336-ի դեպքում է վարույթ ընդունվել` 2014-ի 252-ի դիմաց: Եթե 2014-ին վարույթ ընդունված հայցադիմումներից բավարարվել էր 29-ը /ինչպես նաև 22-ը բավարարվել է մասնակի/, ապա 2015-ին բավարարվել է 53 հայցադիմում /մասնակի է բավարարվել է 24-ը/: Բացի այդ, 2014-ին մերժվել է 19 հայցադիմումի` հայցը բավարարելու խնդիրը, իսկ 2015-ին մերժումների թիվը կրճատվել է 4-ով:
Ստացվում է, որ, այնուամենայնիվ, քաղաքացիները սկսել են ավելի շատ դիմել իրավապահ մարմիններին, ինչպես նաև տարեցտարի ավելանում են դեպքերը, երբ դատարան հասած գործերը /աշխատանքային իրավահարաբերությունների վերաբերյալ/ դրական ելք են ունենում:
Ամերիկացի գրող, էսսեիստ, պատմաբան ու 19-րդ դարի դիվանագետ Վաշինգթոն Ըրվինգը դեռ հարյուրամյակներ առաջ նկատել է.«Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան հասնելու միջոցը՝ պայքարը»: Պայքարեք ձեր իրավունքների համար: