Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆամանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե ինչպիսին են խաղաղության հեռանկարները` հաշվի առնելով, որ սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է կրակել՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա: «Կա՞ արդյոք բանակցային գործընթացով այս օրերին որևէ հեռնկար՝ հակառակորդին ստիպելու չկրակել և վերադառնալ բանակցային գործընթացին»,- հարցրեց նա: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ բանակցային գործընթացի հեռանկարները կապված են նրա հետ, որ առաջին հերթին վերացվեն այն հետևանքները, որոնք ստեղծվեցին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիվ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում: «Այսօր միջազգային հանրությունը և առաջին հերթին եռանախագահող երկրները, Հայաստանի հետ ջանքերն ուղղել են հենց այդ հետևանքների վերացմանը, որպեսզի բացառեն հնարավորինս կրկնությունը նրա, ինչը տեղի ունեցավ ապրիլի սկզբին և հենց դրա մասին է ասել ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովն իր այցելության ընթացքում»,- ասաց նա: Էդվարդ Նալբանդյանը ասեկոսեներ համարեց այն հայտարարությունները, թե ինչ-որ փաթեթներ է Լավրովն իր հետ բերել, ինչ-որ բանակցություններ են վարվում: Նա նաև սին համարեց, Ադրբեջանի այն ասածները, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: «Ադրբեջանի կողմից երևի իրենց ցանկությունն է ներկայացվել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: Դա սուտ է, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից, եթե ինչ-որ հանդիպումներ չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է Ադրբեջանի պատճառով»,-ասաց նա և նշեց, որ վերջին այդպիսի դեպքը Վաշինգտոնում էր, երբ ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահների հետ: Նախարարը նշեց, որ ապարդյուն փորձեր են արվում՝ հարցականի տակ դնել եռակողմ զինադադարի՝ ուժի մեջ գտնվելը: «Դրա փորձեր կատարվեցին դիվանագիտական կուլիսներում և համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից»,- ասաց նա և նշեց, որ եռանախագահներն ասացին այն, ինչ մենք ենք ասում, որ եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնք կնքվել են 94-95 թվականներին, ուժի մեջ են և պետք է իրականացվեն դրանց դրույթները: «Եվս մեկ անգամ դա ցույց տվեց, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրության կարծիքին, դրանք բավականին սխալ հաշվարկներ էին իրենց դիվանագիտության կողմից, որովհետև միգուցե չեք պատկերացնում՝ ինչպիսի պատասխան հնչեց մեր հարցադրմանը Վիեննայում, երբ որ ադրբեջանցիներն ամենաբարձ մակարդակով հայտնեցին եռանախագահներին, որ իրենց դեսպանը այն հայտագիրը, նոտան որն ուղղարկել էր՝ հարցականի տակ դնելով զինադադարի՝ ուժի մեջ գտնվելը, այդ հանձնարարականը չէր ունեցել. ինքնագլուխ նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել Բաքվի հետ»- ասաց Նալբանդյանը և նշեց, որ դա Ադրբեջանն անում է, որ խուսափի իր կատարած շատ անպատասխանատու քայլերի հետևանքներից: «Ինչպես ասում են գող՝ սիրտը դող»,- ասաց նախարարը և հավելեց, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն այդպես է անում, և հայտնի է, որ ադրբեջանական կողմը, երբ չունի պատասխանելու բան, հայտարարում է, որ տեղյակ է: Սամվել Ֆարմանյանն իր արձագանքում նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ակնհայտ սադրիչ և ապակառուցողական քայլերը: «Համաձայնեք, որ միջազգային հանրությունից՝ ի դեմս ԵԱՀԿ նախագահող երկրների, կարելի է ակնկալել, որ կարիք կա ավելի հասցեական, անվանական պիտակավորումների, հակառակ պարագայում` Բաքվում ստեղծվում է տպավորություն, որ միջազգային հանրության կողմից ոչ անվանական, ոչ հասցեական գնահատականները խոշոր հաշվով իրենց մեջ պարունակում են քարտ բլանշ՝ ձեռնարկելու գործողություններ, որոնք մի կողմից կարող են ապակայունացնել տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, երկրորդ հերթին` կասկածի տակ դնել խաղաղ բանակցային գործընթացը»,- ասաց նա: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը ձևացնում է, թե իբև տեղյակ չէ, որ սանձազերծել են այդ լայնածավալ գորոծողությունները Արցախի դեմ, տեղյակ չէ, թե որքան զոհ են տվել այդ արկածախնդրության արդյունքում, թե ինչ է նշանակում այն առաջարկը, որ վերաբերում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, եռանախագահող երկրների հինգ հայտարարություններից: «Ես կարծում եմ, որ այդ կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Համաձայն լինելով Ձեզ հետ՝ ես կարող եմ ասել, որ ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի կարգի հրավիրի Ադրբեջանին և վերադարձնի կառուցողական դաշտ և այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել»,- եզրափակեց Նալբանդյանը: