կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-30 19:52
Քաղաքական

Հասունացել է պահը, որ եռանախագահները կոնկրետ գործողությունների դիմեն`սանձելու Ադրբեջանին. Նալբանդյան

Հասունացել է պահը, որ եռանախագահները կոնկրետ գործողությունների դիմեն`սանձելու Ադրբեջանին. Նալբանդյան

 Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան:

Հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հասցեական հայտարարությունը կզսպի Բաքվին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց.

«Ճիշտ եք` սա առաջին անգամ էր, որ եռանախագահները մատնանշեցին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, առաջինն է կրակ բացել՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Ադրբեջանը դեմ է դուրս գալիս հետաքննության մեխանիզմի ստեղծմանը հենց այն պատճառով, որ հնարավորություն չտա եռանախագահներին համապատասխան մեխանիզմի միջոցով մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում: Իսկ դա ակնհայտ է անգամ առանց մեխանիզմի: Եվ դա ցույց տվեց, ապացուցեց եռանախագահող երկրների այս վերջին հայտարարությունը:

Բայց սա առաջին հասցեական հայտարարությունը չէր: Բազմիցս են եղել Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններ՝ որ պետք չէ սրել իրավիճակը, որ պետք է վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, որ պետք է զերծ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների քննադատությունից, հարգել նրանց մանդատը, որ պետք է զերծ մնալ հիմնախնդրի կարգավորումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերից, որ պետք է համաձայնել հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և այլն: Այս շարքը կարելի է շարունակել:

Անգամ եթե ոչ ուղղակի հայտարարություններ էին լինում, ակնհայտ երևում էր, թե ում են հասցեագրված: Օրինակ, երբ ասվում էր, որ կողմերը պետք է հարգեն 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը, պարզ էր, թե ում էր ուղղված, որովհետև հայկական կողմերը՝ թե Հայաստանը և թե Արցախը, միշտ կողմնակից են եղել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերի հարգմանը և լիակատար իրականացմանը: Ադրբեջանն է բազմիցս հարցականի տակ դրել այդ համաձայնագրերի՝ ուժի մեջ լինելը: Եռանախագահող երկրները բազմիցս ոչ միայն հայտարարություններով, այլև պաշտոնական նամակներով վերահաստատել են, որ այս եռակողմ զինադադարի համաձայնագրերն անժամկետ են և պետք է անշեղ իրականացվեն և հարգվեն թե Արցախի, թե Ադրբեջանի և թե Հայաստանի կողմից: Բայց պարզ է, որ հենց Ադրբեջանին է սա ուղղված:

Իհարկե նման հայտարարություններ եղել են բազմիցս, բայց Ադրբեջանը շարունակում է ոչ միայն արհամարհել, անտեսել, այլև անել լրիվ հակառակը: Միգուցե սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է արդեն ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, ակնկալվում է, որ մոտ տասը օրից եռանախագահները կլինեն Երևանում: Նրանք նաև ցանկություն են հայտնել գնալ Ստեփանակերտ: