Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավ չի հասկանում «վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը»: «Ինչո՞ւ են ակտիվացել և ինչո՞ւ են տարբեր մեկնաբանություններ անում ու փորձում որևէ ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում»,- Ճամբարակում «Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ ասաց նա:
Փաշինյանի խոսքով` ինքը շատ հարցեր ունի այդ կապակցությամբ, որոնք անպայման քննարկելու է Բակո Սահակյանի հետ:
«Մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և նրանց ուղարկի` իրենց աշխատանքով զբաղվելու: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան: Պատկերացնո՞ւմ եք` իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների հետ կապված օրումեջ մեկնաբանություններ տա, պատկերացնո՞ւմ եք` դրա հետևանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելինե'րս, ու զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, այն, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ անպայման, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ` զբաղվեք ձեր գործով»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Աավերդիում հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, որի որդին ծառայում է Արցախում, ապա` հավելել, որ նույնիսկ ղարաբաղցի ղեկավարների զավակները Ղարաբաղում չեն ծառայել եւ ընդհանրապես բանակում չեն ծառայել:
«
Երկիր մեդիա»-ի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ ո՞ր ղեկավարի մասին է խոսքը: «Օրինակ` Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին եւս ծառայել է, ծառայել են նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները»,- ասել էր նա: