կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-27 13:45
Քաղաքական

Օսկանյանը կուսակցություն է ստեղծում. Շարմազանովը հակադարձում է նրան

Օսկանյանը կուսակցություն է ստեղծում. Շարմազանովը հակադարձում է  նրան

Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին: ԱԺ հերթական քառօրյա նիստում ելույթ ունենալով Ընտրական նոր օրենսգրքի քննարկման թեմայով` նա հայտարարեց, որ քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվել են Հայաստանում, և որ իր ստեղծած կուսակցության նպատակը իշխանափոխությունն է:

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց իր ելույթում, որ իշխանափոխություն անելու համար նախ պետք է թիմ ունենալ և մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է իշխող կուսակցությունը վերաբերվում ևս մեկ նոր քաղաքական կուսակցության ձևավորմանը, նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում` ստեղծել կամ չստեղծել քաղաքական կուսակցություն:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հայտարարությանը, թե Օսկանյանի կուսակցությունը լինելու է արմատական ընդդիմադիր կուսակցություն, Շարմազանովը պատասխանեց, որ վերջին ժամանակներս մի քանի նոր կուսակցություններ են ստեղծվել, և բոլորն էլ հայտարարել են, որ արմատական են, ընդդիմադիր, ձգտում են իշխանափոխության, որ իրենք են իշխանության այլընտրանքը, սակայն իրականում ժողովուրդն է որոշում, թե որ ուժն է իշխանության այլընտրանքը: Նա հիշեցրեց, որ նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ելույթում Օսկանյանը հայտարարեց, որ քսան տարի շարունակ ընտրությունները կեղծվել են:

«Ես, նայելով պարոն Օսկանյանի աչքերի մեջ, ասացի, որ չեմ հիշում` Օսկանյանը արտգործնախարար եղած ժամանակ նման բան ասած լիներ: Եվ կարելի է ենթադրել, որ Օսկանյանի ասած կեղծված ընտրությունների արդյունքում` 1995թ. և 2003թ. նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են եղել, հետևաբար, նրա նշանակումը ԱԳ նախարարի պաշտոնում եղել է կեղծ, և որ նա լեգիտիմ չէ: Կարելի՞ է այդպես հասկանալ»,- ասաց Շարմազանովը: