կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-02 12:00
Քաղաքական

Աղվան Հովսեփյանը խիստ դժգոհ է, նախարարները նրան հակադարձում են

Աղվան Հովսեփյանը խիստ դժգոհ է, նախարարները նրան հակադարձում են

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան օրակարգին անցնելը հարցրեց, թե կա՞ն, արդյոք, առարկություններ զեկուցվող հարցերի վերաբերյալ: Առարկություն ուներ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նա նախ առաջարկեց օրակարգից հանել առաջին հարցը, որը վերաբերում էր «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագծին, ըստ որի` գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, պետք է հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Դատախազության հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Աղվան Հովսեփյանը դժգոհեց, որ նախագիծը ներկայացնող մարմինն իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին, չի ուղարկել նախագիծը: Նա ասաց, որ ՀՀ-ում կա չորս քննչական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունանը հակադարձեց` ասելով, որ կոմիտեում ընդունված որոշումները ուղարկվել են բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստին:

Հովսեփյանը նշեց. «Կոմիտեի նիստի նյութերն էլ չենք ստացել: Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ»:

Դավիթ Հարությունյանը պնդեց, որ նախագիծն ուղարկվել է:

Կարեն Կարապետյանը չհանեց այդ հարցը օրակարգից` առաջարկելով երեք օր ժամանակ վերցնել հարցը լրացուցիչ քննարկելու համար: Աղվան Հովսեփյանը նորից հակադարձեց, ասելով, որ կառավարությունը հարցը վաղուց կարգավորել է, որից ելնելով էլ նախաքննական մարմինները ամենամսյա կտրվածքով տեղեկություն են տրամդրում դատախազությանը՝ գործերի քննության վերաբերյալ:

«Հարցը օրենքով կարգավորելու անհրաժեշտություն չկա, որովհետև, կառավարության որոշմամբ, հարցն արդեն կարգավորված է: Դատախազությունն իրավունք չունի նորմատիվ ակտ ընդունելու, որը պարտադիր կլինի նախաքննության մարմնի համար»,- դժգոհեց Աղվան Հովսեփյանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց այն հարցը, որը Աղվան Հովսեփյանն առաջարկել էր օրակարգից հանել: Նա նշեց, որ այս հարցը տևական ժամանակ է` քննարկվում էր, և առաջարկվում է կոռուպցիոն բնույթ կրող հարցերի հաշվետվությունը ներկայացնել առանձին:

Աղվան Հովսեփյանի հերթական առարկությանը վարչապետն արձագանքեց, որ բանավեճը ծավալվում է մասնագիտական հարցերի շուրջ, և արդեն իսկ առաջարկվեց երեք օր ժամանակ` առարկությունները քննարկելու համար: