կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-24 13:48
Քաղաքական

Փաթեթ գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ. Էդվարդ Նալբանդյան

Փաթեթ գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ. Էդվարդ Նալբանդյան

Ծիծեռնակաբերդում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է լրագրողների հարցերին

 

Հարց. Ի՞նչ փաթեթ էր բերել, պարո'ն Նալբանդյան, Սերգեյ Լավրովը։ Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ի՞նչու է գաղտնի պահվում։

Էդվարդ Նալբանդյան. Բանակցությունների մասին մենք տեղեկացրեցինք Լավրովի հետ մամլո ասուլիսի ժամանակ, որևէ գաղտնի բան չկա: Ադրբեջանի լայնածավալ ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով բանակցություններին լուրջ վնաս է հասցվել, և եռանախագահների, միջազգային հանրության հետ համատեղ պետք է ջանքեր գործադրենք, որ բանակցություններին, խաղաղ կարգավորմանը հասցված այդ հարվածը հնարավոր լինի հաղթահարել: Չնայած շատ դժվար է հաղթահարել, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է։ Եվ միջազգային հանրությունն այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել և բերել կառուցողական դաշտ, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները շարունակել, քանի որ բանակցություններին այլընտրանք չկա:

Հարց. Ի՞նչ փաթեթ էր բերել Լավրովը:

Էդվարդ Նալբանդյան. Փաթեթ գոյություն չունի, և Լավրովը դրա մասին հայտարարեց, և շինծու ինչ-որ հարցեր պետք չէ տալ:

Հարց. Ինչ առաջարկնե՞ր էր բերել Լավրովը:

Էդվարդ Նալբանդյան. Ասեկոսեների, բամբասանքների հիման վրա վերլուծություններ և եզրակացություններ պետք չէ անել։ Լավրովն ինքը հայտարարեց, որ այսօր ջանքերը պետք է ուղղված լինեն հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, վստահության միջոցների ձեռնարկմանը, որպեսզի հնարավոր լինի ապահովել կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել բանակցությունները շարունակելու նպատակով: …

Հարց. Իսկ ի՞նչ առաջարկներ էր բերել պարոն Լավրովը։

Էդվարդ Նալբանդյան. Դուք արդեն հինգերորդ անգամ եք հարցնում ինչ-որ առաջարկների կամ ինչ-որ փաթեթի մասին: Այդպիսի փաթեթ Լավրովը չի բերել:

Հարց. Իսկ փոխզիջումների մասին խոսք գնացե՞լ է։

Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ փոխզիջումների մասին։

Հարց. Տարածքների հետ կապված:

Էդվարդ Նալբանդյան. Այդպիսի բան չի քննարկվել Լավրովի այցի ժամանակ:

Հարց. Իսկ ընդհանրապե՞ս։

Էդվարդ Նալբանդյան. Իսկ ընդհանրապես կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով` հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանը անտեսում է դրանք: Սա է իրականությունը և սա է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։

Հարց. Կարգավորումը տարածքների հաշվի՞ն է լինելու։

Պատասխան. Կարգավորումը լինելու է այն հիմքի վրա, ինչի մասին բազմիցս հայտարարել էր հանրապետության նախագահը, նաև` արտգործնախարարը։ Նոր բաներ պետք չէ հնարել։ Արված առաջարկները, եթե ձեռնտու լինեին Ադրբեջանին, ապա նա ինքն իրեն չէր մտցնի փակուղի և չէր գնա նոր ռազմական գործողությունների։ Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով ինչ-որ լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց: Բաքուն ստիպված է լինելու վերադառնալ բանակցությունների սեղան, որովհետև այլընտրանք չկա, այլ ճանապարհ չկա, բանակցությունները պետք է շարունակվեն։