|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած դրույթները: ՀՀ նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել:
«Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք, որ նույնն է»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով այդ դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Մենք մեր վերաբերմունքը հայտնել ենք, երբ համապատասխան հայտարարություն է արվել. նայեք հինգ հայտարարությունները՝ եռանախագահող երկրների նախագահների մակարդակով: Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձևով իր դիրքորոշումը հայտնելուց և ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ գոյություն չունեն»:
Նախարարը վստահեցրեց, որ ամերիկացի համանախագահի հայտարարության մեջ հայկական կողմի համար որևէ վտանգավոր բան չկա:
Հարցին` ի՞նչ միտում ունի համանախագահի այդ հրապարակումը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ վերջանում է ամերիկացի համանախագահի մանդատը և գնալուց առաջ ուղղակի հարցազրույց է տվել և նորից ինչ-որ հարցերի շուրջ խոսել:
Աղբյուր` Yerkirmedia.am