կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-23 17:55
Քաղաքական

Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը. Նալբանդյան

Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը. Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպման ընթացքում

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարձր ներկայացուցիչ Մոգերինիին և հանձնակատար Հանին` այս հանդիպումը կազմակերպելու համար:

Մեր վերջին նախարարական հանդիպումից ի վեր նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել: Հաջողությամբ անցկացվեց Ռիգայի գագաթաժողովը, որտեղ ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց փոխադարձ հետաքրքրությունների և հանձնառությունների վրա հիմնված գործընկերության մեր ընդհանուր տեսլականը և նախանշեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության առավել զարգացման և ամրապնդման հիմնական ուղղությունները:

2015 թվականը առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Նախորդ դեկտեմբերին ես պատիվ ունեցա բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հետ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն հնարավորություն կտա ընդհանուր արժեքների և յուրաքանչյուրիս որոշումների և ընտրությունների հանդեպ հարգանքի հենքի վրա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել: Նոր համաձայնագիրը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կուրվագծի փոխշահավետ, խորը համապարփակ փոխգործակցության նոր ուղեցույցները։ Արդեն անցկացվել է բանակցությունների երեք փուլ։ 

2015թ. ինտենսիվ և կառուցողական երկխոսության տարի էր, որի ընթացքում տեղի ունեցան մեծ թվով երկկողմ հանդիպումներ և բարձրաստիճան այցեր։ Նախագահ Տուսկը և հանձնակատար Հանը 2015թ. այցելեցին Հայաստան, իսկ վերջերս Երևանում էր բարձր ներկայացուցիչ Մոգերինին: Մենք մասնակցեցինք Արևելյան գործընկերության և Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության կառույցների մի շարք հանդիպումների:

Նախորդ դեկտեմբերին էր նաև, որ ԵՄ խորհուրդը ներկայացրեց վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությունը` մեր բազմակողմ ապագա համագործակցության անկյունաքարը: Երբ ԵՄ խորհուրդը հաստատեց վերանայված քաղաքականությունը, մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ գործընկեր պետությունների նկատմամբ կիրառվելու է տարբերակման սկզբունքը և համապատասխան անհատական մոտեցում է ցուցաբերվելու` նկատի ունենալով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում հանձնառությունների իրականացման առաջընթացը:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության առաջմղման և խորացման հարցում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերած շարունակական աջակցությունը և օգնությունը, որն առանցքային է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ և կայուն իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:

Հարգելի գործընկերներ,

Ռիգայի գագաթաժողովը նաև վերահաստատեց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` հիմնված Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հինգ հայտարարությունների վրա: Մեզնից շատերն են հիշում, թե ինչպես Ադրբեջանը փորձեց արգելափակել Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի ընդունումը, այս հայտարարություններին արվող հղման պատճառով։ Միայն այս փաստն արդեն իսկ բացահայտ ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ և արհամարանքը՝ միջնորդ պետությունների՝ միջազգային հանրության անունից արված առաջարկությունների հանդեպ։ 

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը։ 

Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:

Հարգելի գործընկերներ,

Մենք խորապես հավատացած ենք, որ, հիմնվելով ընդհանուր պատասխանատվության, տարբերակման և փոխադարձ հաշվետվողականության վրա, Արևելյան գործընկերությունը նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը, նպաստում է շուկայական տնտեսությանը, բարելավում է մակրոտնտեսական կայունությունն ու գործարար միջավայրը, ինչպես նաև ընդլայնում է շարժունակությունը ու շփումները մարդկանց միջև` բացելով բազմակողմ համագործակցության նոր հեռանկարներ և տրամադրելով մեր կարողությունները լավագույնս օգտագործելու հնարավորություն:

Հայաստանը ակտիվորեն իրականացնում է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի դրույթները, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են ոլորտային համագործակցությանը: Փոքր և միջին ձեռնարկությունների «COSME» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվեց անցյալ տարի: Մի քանի օր առաջ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության հանրային ֆինանսավորման ծրագրին, որը կընդլայնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը գիտական և նորարարական կարողությունների զարգացման ոլորտում: Տրանսպորտի ասպարեզում համագործակցության զարգացումը նույնպես մեր օրակարգում է, և մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Միասնական օդային տարածքի ձևավորման շուրջ բանակցությունները:

Հայ ուսանողները ակտիվորեն օգտվում են «Erasmus+»-ից, և մենք ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Բոլոնիայի գործընթացի համար համապատասխան կարողությունների ամրապնդմանը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն անցյալ տարի անցկացվեց Երևանում, լավ հնարավորություն ընձեռեց այս ուղղությամբ հետագա քայլերի համար: Մենք նաև սկսել ենք քննարկումները՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին միանալու շուրջ, որն առաջարկում է առավել լայն շրջանակ՝ մշակութային փոխանակությունների համար:

Հայաստանը գնահատում է գյուղատնտեսական և գյուղի զարգացման ոլորտին ուղղված ԵՄ աջակցությունը և ակնկալում է առավել լայն համագործակցություն՝ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտում արդիականացման և հետագա բարեփոխումների խթանման հարցում, ներառյալ՝ «ENPARD» ծրագրերի շրջանակներում:

Շարժունակության ընդլայնումը շարունակում է մնալ մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախադրյալներից մեկը: Շարժունակության վերաբերյալ վերջերս Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը մեզ թույլ տվեց ամփոփելու ավելի քան երկու տարվա գործունեությունը և գնահատելու ապագա առաջնահերթությունները:

Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը Հետընդունման և Մուտքի արտոնագրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը հիմնականում հաջողված են դիտարկում: Մենք կարևորում ենք մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը: Քաջ գիտակցելով, որ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը համապարփակ գործընթաց է` մենք այն նաև որպես լրացուցիչ խթան ենք դիտարկում` մի շարք ոլորտներում բարեփոխումները և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ արդյունավետ երկխոսության մեջ և առանձնահատուկ կարևորություն է տալիս արդյունավետ կառավարման ամրապնդման, դատական, հակակոռուպցիոն բարեփոխումներում համագործակցության խորացմանը: Այս նպատակով մենք սերտորեն աշխատում ենք նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի: Երկու օր առաջ մենք մեկնարկեցինք 2015-2018թթ. Գործողությունների ծրագիրը, որն իրականացվելու է նաև ԵՄ աջակցությամբ: Հայաստանը ակտիվորեն համագործակցում է խորհրդարանական ձևաչափով՝ Եվրանեսթի և Խորհրդարանական համագործակցության կոմիտեի շրջանակներում, ինչպես նաև՝ տեղական իշխանությունների մակարդակով։ 

Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա և պատշաճ կերպով նկատի ունենալով այլ ինտեգրացիոն ձևաչափերում մեր հանձնառությունները:

Շնորհակալություն: