կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-22 16:02
Քաղաքական

Չի բացառվում, որ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ կխոսվի ապրիլյան ռազմական գործողությունների մասին

Չի բացառվում, որ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ կխոսվի ապրիլյան ռազմական գործողությունների մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպեց «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպչական խումբը: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ ցեղասպանությունների դեմ կանխարգելման մասին խոսելը ոչ միայն Հայաստանի իրավունքն ու պարտավորովածությունն է, այլև՝ աշխարհի։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում քննարկում էինք հարցը՝ ինչպես շարունակել ներուժը, որ կուտակվել էր։ Այնպես ստացվեց, որ այդ միջոցառումների շարքում կայացած առաջին համաժողովի մասնակիցներ մեզ կոչ էին անում Հայաստանը դարձնել հարթակ ցեղասպանություն հանցագործությանն առերեսվող մարդկանց, խմբերի համար՝ պայքարելու հանցագործության կանխարգելման, զոհերի իրավունքների պաշտպանության համար։ Ողջ տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, Հայաստանը փորձեց այս դերակատարումը ամրագրել»,- նշեց Վիգեն Սարգսյանը։

Նա շեշտեց, որ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր, ինչը ձեռքբերում էր մեզ համար։

«Երկրորդ ձեռքբերումը մեր աշխատանքն էր ցեղասպանագետների խմբերի հետ, որոնք երկար տարիներ մեծ աշխատանք էին տանում ցեղասպանության կանխարգելման եղանակների շուրջ։ Բայց չկար քաղաքական այն հարթակը, որտեղ միջազգային կազմակերպությունները, քաղաքական գործիչները, դիվանագետները կհավաքվեին՝ պարբերաբար քննարկելու հարցը։ Մենք եկանք եզրահանգման, որը ֆորումը պետք է անցկացվի պարբերաբար, որոշում կայացրինք, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ ապրիլին պետք է գումարվի ֆորումը»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այս տարվա քննարկման առանցքում փախստականներն են։

Թե ի՞նչ նշանակություն ունեցավ անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային ֆորումը, նա նշեց. «Իրականում դադարեցինք խոսել ցեղասպանության մասին` որպես ողբերգության, այնինչ ցեղասպանությունը հստակ նկարագրված հանցագործություն է»:

ԱԳ փոխնախարար Կարեն Ղազարյանն էլ նշեց, որ Հայաստանը շարունակում է նախաձեռնողական քայլերը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նա նշեց, որ վաղվա ֆորումին հրավիրված են լինելու միջազգային իրավունքի լավագույն մասնագետներն ու ցեղասպանագետները:

Ֆորումը բաղկացած է լինելու չորս հիմնական բաժիններից: Բացումը կիրականացնի ՀՀ նախագահը, ապա կլինեն բաց երկխոսություն, քննարկումներ, նիստեր ու հարցուպատասխանի ձևաչափ: Ֆորումին ներկա են լինելու միջազգային շուրջ 70 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կարեն Ղազարյանի խոսքով` ֆորումի նպատակն է շարունակել Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությունը Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նա նաև չբացառեց, որ գլոբալ ֆորումում կարող են քննարկվել նաև ապրիլյան իրադարձությունները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին:

Ըստ Կարեն Ղազարյանի` կարևոր է, որ Հայաստանը շարունակի իր ձեռքում պահել Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի նախաձեռնությունը, բացի այդ` հյուրընկալելով ֆորումը` Հայաստանը դառնում է տեսանելի նման կարևոր գործընթացում:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ նշեց, որ ֆորումը նպատակ չունեն դարձնել հայկական օրակարգի հարթակ, բայց ֆորումը չի կարող անմասն մնալ այն իրադարձություններից, որոնք հիշեցում են ահաբեկչություն, և Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները կարող են քննարկվել այդ ֆորումում: