կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-20 12:25
Քաղաքական

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն դրամ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» ֆորումն անցկացնելու համար

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն դրամ «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» ֆորումն անցկացնելու համար

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում:

Նախագծով պահանջվող գումարն անհրաժեշտ է ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումներն իրականացնելու նպատակով: Ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության 2018 թվականի ծրագրում, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանը շարունակելու է առաջամարտիկի դեր խաղալ։

Այդ դերը հիմնականում արտահայտվում է Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային կազմակերպություններում ցեղասպանության հանցագործության դեմ պայքարին նվիրված բանաձևերի պարբերական ընդունմամբ և Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների անցկացմամբ։ «2015 և 2016 թվականներին Երևանում կայացան «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» Առաջին և Երկրորդ գլոբալ ֆորումները, որոնց մասնակցեցին բազմաթիվ խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, անվանի ցեղասպանագետներ, գիտնականներ և պատմաբաններ։ Նշված ֆորումները հնարավորություն ընձեռեցին միջազգային քաղաքական ու ակադեմիական հանրության ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության 100-ամյակի, ինչպես նաև ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցում Հայաստանի հետևողական ջանքերի վրա։ 2016 թվականի երկրորդ Գլոբալ ֆորումի եզրափակիչ փաստաթղթում ամրագրվեց, որ հաջորդ Գլոբալ ֆորումը կայանալու է 2018 թվականին և նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման խնդիրներին։ 2018 թվականի երրորդ Գլոբալ ֆորումը կայանալու է դեկտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում և, ի տարբերություն 2015 և 2016 թվականների ֆորումների, ենթադրում է ավելի սեղմ և զուսպ ձևաչափ՝ կենտրոնացած կրթության միջոցով ցեղասպանությունների դեմ պայքարի առանցքային խնդիրներին։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին գործերի նախարարությունում ձևավորված աշխատանքային խումբը մշակել է երրորդ Գլոբալ ֆորումի հայեցակարգը, կազմել է հրավիրյալների ցանկը և առաքել հրավերներ։ Ձեռք են բերվել մոտ հինգ տասնյակ առաջատար ցեղասպանագետների, ցեղասպանության թանգարանների ու հիշատակի համալիրների տնօրենների, մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների և իրավապաշտպանների՝ Ֆորումին մասնակցության նախնական համաձայնությունը։ Ֆորումին նախատեսվում է նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի մասնակցությունը»,- ասված է հիմնավորման մեջ: