կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-17 13:05
Քաղաքական

Քաղաքապետը չէ, որ պետք է աշխատատեղեր ստեղծի. նախկին մարզպետի զավեշտալի հայտարություն-զգուշացումը թալինցիներին

   Քաղաքապետը չէ, որ պետք է աշխատատեղեր ստեղծի. նախկին մարզպետի զավեշտալի հայտարություն-զգուշացումը թալինցիներին

Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, ով համարվում է Թալինի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի հովանավորը, Yerkir.am-ի հետ զրույցում խոստովանեց, որ իր համար շատ կարեւոր է Արամյանի՝ քաղաքապետի պաշտոնում վերընտրվելը: Նշենք, որ նախկին մարզպետին հանդիպեցինք ՀՀԿ-ի շտաբում, ուր մեծ եռուզեռ էր. նախկին մարզպետը համակարգում էր աշխատանքները, այս ու այն կողմ գնում:

Մեր այն դիտարկմանը, թե Թալինը մեռնող քաղաքի է նմանվել, փողոցները մեղմ ասած անբարեկարգ են, ջրի խնդիր կա, աշխատատեղեր չկան, նախկին մարզպետը` որպես արդարացում, շտապեց հայտարարել, թե բոլոր տեղերում էլ խնդիրներ կան՝ սկսած Երեւան քաղաքից:

Աշխատատեղերի վերաբերյալ հարցին ի պատասխան, Սահակյանը զավեշտալի պատասխան տվեց. «Քաղաքապետը չէ, որ պետք է աշխատատեղեր ստեղծի: Աշխատատեղերը քաղաքապետը չի ստեղծում, պետք է ներդրումներ լինեն»: Մեր այն դիտարկմանը, թե ներդրումները օդից չեն իջնում, քաղաքապետը պետք է բերի, նախկին մարզպետը հայտարարեց, թե դա բոլորի, բոլոր թալինցիների գործն է:

Ի պատասխան, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում գտնվող ճանապարհների մասին հարցի` նախկին մարզպետը փորձեց խայթել նախորդ քաղաքապետին.

«Ով որ սարքել ա, գնացեք իրանից հարցրեք՝ ինչու է էսպես, նրանից, ով չորս տարի առաջ եղել է»: Նշենք, որ Սահակյանն ակնարկում էր Թալինի նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանին, ում հետ էլ լարված հարաբերություններ ունի:

Պարզվում է` գործող քաղաքապետը ճանապարհ, այդուհանդերձ, վերանորոգել է այս չորս տարվա մեջ, եւ ինչպես ներկայացրեց վերջինիս հովանավոր նախկին մարզպետը` մի դեպքում խոսքը  600 մետրի մասին է, մի դեպքում՝ 500մ-ի, մի դեպքում էլ` 300 մետրի: Ընդամենը:

Ուշագրավ է, որ Սահակյանն իր բոլոր նախադասությունները սկսում էր «մենք»-ով, եւ ոչ թե «գործող քաղաքապետը» կամ «Սարգիս Արամյանը»:

«Մենք այնքան ծրագրեր ունենք»,- շարունակ հայտարարում էր նա:

Ի դեպ, նախկին մարզպետը իր քաղաքական ապագան դեռեւս անորոշ է համարում: Հարցին, թե կարո՞ղ է մի տեղ էլ ինքը քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրի, ասաց, որ գյուղում է գրանցված, դիտարկմանը, թե, բնական է, գյուղապետ դառնալ չի ցանկանա, փոքր-ինչ վիրավորված հակադարձեց. «Գյուղապետին, եթե դուք կհամաձայնեք, գնացեք համաձայնեք»: