կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-07 13:17
Քաղաքական

Քրեական տարրերը Շիրակի նորանշանակ մարզպետի համար դժվարություն չեն ստեղծի

Քրեական տարրերը Շիրակի նորանշանակ մարզպետի համար դժվարություն չեն ստեղծի

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը դեռ մի քանի օր առաջ գիտեր, որ նշանակվելու է Շիրակի մարզպետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում Ցոլակյանը հայտնեց կառավարության նիստի ավարտից հետո, երբ արդեն իր թեկնածությունը հաստատվել էր:


Դիտարկմանը, որ Շիրակի մարզում քրեական հատվածը մեծ է, դժվարություններ չի՞ ունենա, մարզպետը պատասխանեց. «Մարզպետի եւ մարզպետարանի աշխատանքն ավելի շատ ժողովրդի սոցիալ-տնտեսական հարցերի լուծման հետ է կապված եւ մարզի գոյություն ունեցող կառույցների աշխատանքի համակարգն է: Կրիմինալ ասվածը բոլոր տեղերում էլ կա: Չկա նման բնագավառ, որտեղ չլինի: Կրիմինալի հետ աշխատում են համապատասխան մարմինները, ոչ թե մարզպետարանը: Մարզպետարանը կրիմինալի հետ ի՞նչ պետք է անի»:


Նորանշանակ մարզպետը չի կարծում, որ քրեական տարրերն ավելորդ դժվարություններ կստեղծեն իր աշխատանքում: Բայց, մյուս կողմից, ընդունում է, որ Շիրակի մարզում դժվարություններ շատ կան եւ կլինեն:


Հարցին, թե ուրախությա՞մբ է գնում մարզպետի պաշտոնին, Ցոլակյանը պատասխանեց. «Նորմալ»:


Ըստ նրա` իրեն` որպես ուժային կառույցի ներկայացուցչի, մարզի բնակիչները նորմալ կընդունեն: Իսկ թե ինչպե՞ս է ստացվում, որ Շիրակի մարզպետ նշանակվում են հիմնականում ուժային կառույցների ներկայացուցիչներ, Ցոլակյանը նշեց, որ միայն վերջին երկու նշանակումների դեպքում է այդպես, մինչ այդ Շիրակի մարզպետերը ուժային կառույցների ներկայացուցիչներ չեն եղել:


Խոսելով կադրային փոփոխություններից` նորանշանակ մարզպետը նշեց, որ ամեն ինչ կորոշվի աշխատանքի ընթացքում, ով աշխատող է` կաշխատի:


Հարցին` ինչո՞ւ իր թեկնածության վրա կանգ առան, պատասխանել չկարողացավ, միայն նշեց, որ միանգամից է համաձայնել առաջարկությանը. բոլոր աշխատանքներն էլ Ցոլակյանի համար կարեւոր են, բայց գերադասեց մարզպետի պաշտոնը, քանի որ «ժողովրդի հետ աշխատելու մեծ ցանկություն ունի»:


«Խոստումների ժամկետներ չեմ կարող ասել, բայց ձգտելու եմ լինել արդար, մարդկանց հետ շփումներում լինել ազնիվ եւ բոլոր հարցերը լուծել` խորհրդակցելով»,- հայտարարեց Շիրակի նորանշանակ մարզպետը:


Նշենք, որ Ֆելիքս Ցոլակյանը ծնունդով Շիրակից է` Անիի տարածաշրջանի Ջրարբիկ գյուղից: Նա հայտարարեց նաեւ, որ տեղափոխվելու է Շիրակ: