կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 13:04
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը միտք արտահայտելիս պետք է ստեղծի նաև դրա իրականացման մեխանիզմը. Արմեն Սարգսյան

Վարչապետը, եթե մի միտք է արտահայտում, պետք է ստեղծի համապատասխան մեխանիզմ՝ այդ միտքն իրականացնելու համար. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության ազդեցությունը բանակցային գործընթացի վրա:

«Մենք պայքարում ենք միավորման համար և գիտենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է մնա Արցախի Հանրապետություն, որպեսզի ինքնորոշման իրավունքը կարողանանք վաստակել»,- ասաց նա:

Նրա համոզմամբ՝  բանակցային գործընթացի տրամաբանությունը հստակ պետք է լինի հետևյալ ձևով՝ Արցախի Հանրապետությունը մասնակցի բանակցային գործընթացին, իսկ Հայաստանի Հանրապետությունը լինի միայն անվտանգության և անկախության երաշխավորը:

Արմեն Սարգսյանը այս հարցում ճիշտ է համարում Դաշնակցության դիրքորոշումը, որի համաձայն՝ ՀՀ և ԱՀ միջև պետք է կնքվի ռազմավարական դաշինք: Դեռ 1992 -ին ՀՅԴ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկել էր ճանաչել Արցախի Հանրապետությունը, բայց այն առ այսօր ճանաչված չէ: Եթե այսօր դա արվի, սխալ ընկալում կձևավորվի՝ կստացվի, որ մինչև հիմա ՀՀ-ն չի ճանաչել Արցախի Հանրապետությունը: Հենց այս պատճառով Դաշնակցությունը կողմնակից է հայկական երկու հանրապետությունների միջև ռազմավարական դաշինքի կնքմանը: «Այսինքն՝ մինչև հիմա ճանաչել ենք, հիմա ամրապնդում ենք դաշինքով: Իմ կարծիքով՝ ՀՅԴ-ի առաջարկն ամենաճիշտ լուծումն է»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Հանրային ընկալման տեսանկյունից՝ Արմեն Սարգսյանը հանգիստ է, ասում է՝ ժողովուրդներն արդեն իրենց հարցը լուծել են՝ Արցախը Հայաստան է, Արևմտյան Հայաստանը՝ Հայաստան է, ու վերջ, իսկ այն իշխանությունները, որոնք կփորձեն սեպ խրել ՀՀ և ԱՀ ժողովուրդների միջև, նրա համոզմամբ, դատապարտված են քաղաքական մահվան:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամը խոսեց նաև 2020 թ.-ի՝ Արցախի նախագահի ընտրություններում ՀՅԴ թեկնածուի շուրջ բանակցությունների ընթացքի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: