կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-30 16:29
Հասարակություն

ԿԳՆ-ն նախատեսում է վերանայել բուհերի կառավարման խորհուրդները

ԿԳՆ-ն նախատեսում է վերանայել բուհերի կառավարման խորհուրդները

Այսօր ԱԺ գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովում նիստ էր հրավիրվել, որում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես՝ պատգամավորն առաջարկում է բուհերում քաղաքական կուսակցությունների հնարավոր ազդեցությունը թուլացնելու համար արգելել, որ բարձրագույն կրթական հաստատությունում խորհրդի նախագահի պաշտոն զբաղեցնեն կուսակցության ներկայացուցիչներ: Խորհրդի կազմում, որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ, չեն կարող նշանակվել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամներ:

Կառավարության ներկայացուցիչ` գիտության և կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ներկայացնելով կառավարության տեսակետը, նախ նշեց, որ նախարարությունը կիսում է հասարակական ընկալումների հետ կապված մտահոգությունները:

«Իհարկե, բուհերի ղեկավարումը թերևս բարելավման կարիք ունի: Բայց Բոլոնիայի գործընթացում չի խոսվում բուհերի քաղաքականացված լինելու մասին, այլ խոսվում է բուհի ինքնուրույնության կարևորության մասին, ինչպես նաև կարևոր սկզբունք է պետական պատասխանատվությունը բուհի նկատմամբ: Նախարարությունը նախատեսում է վերանայել բուհերի խորհուրդները, դրանց կազմավորման աշխատանքները: Բայց բացառել քաղաքական պետական պաշտոնյաների ներկայությունը բուհի խորհրդում ճիշտ մոտեցում չէ, պարզապես պետք է հասկանալ, թե ինչ համամասնությամբ պետք է նրանք ներկայացված լինեն: Սահմանափակում դնելը նաև հակասում է Սահմանադրությանը, բուհի խորհրդի կազմում ներգրավվելու իրավունքի ազատությանը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ գիտության և կրթության նախարարությունը նախատեսում է օրենքում փոփոխություններ կատարել:

Փոխնախարարը հավելեց, որ նախարարությունը մեծ ցանկություն ունի աշխատելու Թևան Պողոսյանի հետ, որպեսզի միասին աշխատեն, օրենքը փոփոխեն այնպես, որ ճիշտ լուծումներ տրվեն մտահոգություններին: Առաջարկվեց հետաձգել նախագիծը` մինչև նախարարությունը կներկայացնի օրենքի փոփոխությունը:

Թևան Պողոսյանը նշեց, որ ինքը պատրաստ է քննարկել այդ հարցը նախարարության ներկայացուցիչների հետ և կներկայացնի իր նախագիծը հոկտեմբերին: