Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը: Նա ազնվորեն խոստովանում է, որ վերջին տարիներին չի կարողանում իր տան խոհանոցում ուտեստներ պատրաստել, քանի որ ժամանակը չի բավականացնում: Սեդրակ Մամուլյանի խոսքով` իրենց տան տոնական սեղանն առանձնապես չի տարբերվելու հայ ընտանիքներին բնորոշ տոնական սեղաններից: «Մենք նույն երկրի քաղաքացիներն ենք, ու ինչ կա` թե՛ լավ, թե՛ վատ, մեր սեղանին էլ է լինում»,- ասաց նա:
Բազմամյա փորձ ունեցող խոհարարը, սակայն, հորդորում է, որ սեղանին դրված լինեն գոնե մի քանի ծիսական ավանդական կերակուրներ` մի քիչ քաշիկա ու տարեհաց:
Քաշիկան հարիսայի տարատեսակն է, բաղադրությունը նույնն է` գառան միս և ձավար, բայց հարիսայից տարբերվում է նրանով, որ այն չեն խառնում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի ու պատերազմներ չլինեն:
Տարեհացն էլ նույն գաթան է, որի մեջ թաքցնում են որևէ հատիկ կամ մետաղադրամ, կտրում են, ում բաժին հասավ, նա նոր տարում հաջողություն կունենա:
«Մենք միշտ Նոր տարին դիմավորում ենք մեր տանը, մեր ընտանիքում: Այդպես եղել է իմ լուսահոգի ծնողների ժամանակ, հիմա էլ այդ ավանդույթը պահպանվել է: Հույս ունեմ, որ ինձանից հետո էլ կլինի»,- ասաց Սեդրակ Մամուլյանը` հավելելով, որ եթե անգամ հնարավորություն էլ ունենա գնալու ինչ-որ այլ երկիր և ճոխ նշելու Նոր տարին, միևնույն է, այդպես չի վարվի:
«Ամանորին ամեն ինչ էլ լինում է, նաև` ճոխ գներ, երբ Նոր տարին հյուրանոցային տներում են անցկացնում, մարդիկ կան, որ տվյալ տարվա կենդանակերպի նշանն են ուտում, օրինակ` կոկորդիլոս, հիմա էլ` կապիկ: Բայց խնդրում եմ կապիկի մսին ձեռք չտալ, ուտելու միս չէ, համ չունի և վտանգավոր է»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:
Նա հղեց նաև իր մաղթանքը. «Ցանկանում եմ մեր սահմանապահներին, մեր զինվորներին կամք, ուժ, կորով և անամպ երկիր: Այսօր, որ մենք հանգիստ նստած ենք այստեղ, կարողանում ենք խնջույք անել և այլն, դա մեր երիտասարդ զինվորների շնորհիվ է: Կցանկանամ, որ ամուր լինեն, անփորձանք և զգոն: Թող ոչ մի մայր չկորցնի իր զավակին: Շնորհավոր բոլորի Նոր տարին, թող յուրաքանչյուր հանդիպում մարդկանց միջև շնորհավորանքի, աչքալուսանքի և ուրախանալու առիթներով լցված լինի»: