կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 13:07
Հասարակություն

Ինչ ավանդական ուտեստներով զարդարել տոնական սեղանները. հոգևորականի, ազգագրագետի և խոհարարի խորհուրդները

Ինչ ավանդական ուտեստներով զարդարել տոնական սեղանները. հոգևորականի, ազգագրագետի և խոհարարի խորհուրդները

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը և Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրուցեցին Ամանորյա և Ծննդյան տոների հոգևոր պատրաստվածության, տոնական կերակուրների, ավանդույթների մասին:

Հոգևոր հովվի խոսքով`հունվարի հինգի լույս վեցի գիշերը նշվում է Քրիստոսի ծննդյան օրը, որն անշարժ տոն է: «Այդ օրը նշում ենք նաև Աստվածահայտնության օրը: Սուրբ Ծնունդին հաջորդում է նաև մեռելոցը, ինչպես` տաղավար տոներին հաջորդող օրը»,- ասաց նա` հավելելով, որ ցանկալի կլինի, որ Պահքով դիմավորենք Սուրբ Ծնունդը:

Հոգևորականը նշեց նաև, որ դեկտեմբերի 31-ին եկեղեցիներում լինելու է Նռան օրհնության կարգ:

Տեր Պետրոսն ասաց, որ Սուրբ Նիկողայոս հայրապետն է եղել Ձմեռ պապի նախատիպը:

Իսկ ազգագրագետի խոսքով`տոն հասկացությունն առհասարակ մեծ գործառույթ ունի` համայնքին միավորելու առումով: «Տոնի ժամանակ հնարավորություն է ընձեռվում լիցքաթափվելու և լիցքավորվելու: Տոնի նախօրեին պետք է կարգի բերել բնակարանները, կարգի բերել մարդկային հարաբերությունները, տոնը պետք է հոգեպես նորոգված դիմավորել: Ցանկացած տոն պետք է դիմավորել հոգեպես ու ֆիզիկապես նորոգված»,- ասաց Սվետլանա Պողոսյանը և հավելեց` չկա որևէ տոն, որը չունենա համապատասխան կերակրատեսակ: «Եթե անգամ մսեղեն չուտենք, մեր տոնական սեղանը պակաս շքեղ չի լինի: Սա ժողովրդական գիտելիքի ամբարված փորձ է: Ճշտված հարաբերություններ, տոնական միջավայր, և մեր տոնը կհաջողվի»,- ընդգծեց ազգագրագետը:

«Սուրբ Ծննդյան տոնն ավանդական հասարակությունում սիրված տոն է եղել, և միայն խորհրդային շրջանում էր, որ մոռացության մատնվեց որոշակիորեն, բայց մի քանի շրջաններում պահպանվեց նաև այն ժամանակ: Տոներին մեր սեղաններին պետք է լինեն չորացրած և թարմ մրգեր, աղցան, հնարավոր է նաև մսեղեն: Ծննդյան տոնին էլ` հայտնի փլավը, ձուկը և գինին»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց, որ ծիսական կերակրատեսակները մեր սեղանների զարդերն են: «Ամանորյա ճաշատեսակների շարքում կան այնպիսիք, որոնց միջոցով մեր նախնիները խաղաղություն են մաղթել մարդկանց, լավ եղանակ և այլն: Յուրաքանչյուր տոն բնական երևույթների շարունակությունը պետք լինի»,- ասաց Մամուլյանը:

Ի դեպ, անդրադառնալով Պահքի գաղափարին, նա ասաց, որ դեմ չէ դրան, սակայն ընդգծեց նաև, որ, որպես մասնագետ, չի կարող չասել, որ ձմռանը մեր օրգանիզմը պահանջ ունի հավելյալ կալորիականության, հատկապես` կենդանական ճարպերի:

«Ստատիկ վիճակ չի հանդուրժում խոհանոցը: Ավանդական ուտեստներից նշեմ քաշիկայի անունը: Այս ուտեստը չի խառնվում, որ գալիք տարում խառն իրավիճակ չլինի: Սա յուրօրինակ խորհուրդ է: Ասիլիկ-բասիլիկների մասին պետք է խոսենք, նրանց կերպարներով պետք է խմորեղեն պատրաստենք: Ավանդական ուտեստ է նաև տարեհացը` մետաղադրամը` ներսում: Անուշ ապուրներ պետք է լինեն շատ, մեր կացութաձևին բնորոշ պետք է լինի այդ ամենը, մեր պահուստները պետք է դրվեն սեղանին: Նախապես ուզում եմ ասել` կապիկի միսն ուտելի չէ և համեղ չէ»,- ասաց Մամուլյանը: