Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ խմբակցության պատգամավորներից մեկի ենթակայության տակ գտնվող թերթը ՀԱԿ-ի մասին այսօր հերթական լուրն է տպագրել: Գուցե ոմանք մտածեն, թե թերթը հերթական անգամ զրպարտում է ՀԱԿ-ին /հաշվի առնելով հանգամանքը, որ եթե տարիներ առաջ գովում-գովերգում էր, հիմա հակառակն է անում, քանի որ քաղաքական իրավիճակ է փոխվել/, բայց, մյուս կողմից, չի կարելի անտեսել փաստը, որ այս թերթը մյուս բոլոր թերթերից ամենալավն է ճանաչում ՀԱԿ-ին, ինչպես ասում են` միասին հաց են կերել, «վոյեվատ» են արել, հետեւաբար` պետք չէ ՀԱԿ-ի վերաբերյալ այս թերթի հրապարակումներին մատների արանքով նայել: Եթե սուտ էլ է, ապա ուշագրավ սուտ է:
Այսպես` թերթը գրում է, թե ՀԱԿ-ը բանակցություններ է վարում Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հետ: Ի դեպ, Աբրահամյանից բացի, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպաններ են նաեւ Սելենա Գոմեսը, Քրիստինա Ագիլերան, Անջելինա Ջոլին, Դեւիդ Բեքհեմը, Ջեքի Չանը, Լան Լանը, Ամիտաբհ Բաչանը... Բանակցությունների առանցքը հետեւյալն է` քանի որ Աբրահամյանը բուրժուա է, բայց դեմոկրատիայից շատ բան չի հասկանում, ՀԱԿ-ը կլրացնի այդ բացը, եւ քանի որ ՀԱԿ-ը դեմոկրատիայից շատ լավ է հասկանում, բայց բուրժուաների կարիք ունի, Արա Աբրահամյանը կլինի հենց այդ բուրժուան: Ընդ որում` ե\'ւ Արա Աբրահամյանը, ինչպես ինքն է հայտարարել, Հայաստանի քաղաքական դաշտ այս կամ այն կերպ, ուղղակի կամ անուղղակի մտնելու ցանկություն ունի, ե\'ւ ՀԱԿ-ը պայքար-պայքարը մինչեւ վերջ տանելու համար բուրժուական օգնության կարիք ունի: Մնում է միայն ճշտել քաղաքական նպատակների եւ օրակարգի ընդհանրությունը, եւ զույգը պատրաստ է:
Չմոռանանք, որ ՀԱԿ-ը նախկինում անհատ բուրժուայի հետ աշխատանքի փորձ ունի, ճիշտ է` անհաջողությամբ ավարտված, բայց ինչպես հայտնի է, եթե անհաջողությունը մեզ չի սպանում, ուրեմն ուժեղացնում է, այս պարագայում, լրացնենք, նաեւ փորձ է տալիս:
Ուշագրավը, սակայն, ոչ թե այն է, որ թերթը հնարավոր է` ապատեղեկատվություն է տարածում, այլ այն, որ ՀԱԿ-ն, իրոք, փողի կարիք ունի: Ավելի ճիշտ` ՀԱԿ-ի կարծիքով` իրենք միայն փողի կարիք ունեն: Այսինքն` ժողովուրդի վստահությանն արդեն արժանացել են, ժողովուրդն իրենց հետ է, իրենք էլ ներքին բոլոր օղակներում կայացած քաղաքական ուժ են, հենց ուժ են, որն այլեւս գեղի կլուբ չէ, այլ երիտասարդ, ամուր, զիլ, հաղթական, խուճապացնող, եւ իրենց պարզապես փող է պետք, որպեսզի վերջնական հաղթանակը տեղի ունենա: Գիտեք` այն մարդիկ, ովքեր գտնում են, թե իրենց միակ խնդիրը փողն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը, զբաղված են ինքնախաբեությամբ եւ, որն ավելի վատ է, խաբեությամբ: Բանն այն է, որ փողի բացակայությունն այս դարում հնարամտության, ճարպկության, որոշ երկրներում անգամ խելքի բացակայության նշան է: Այսինքն` երբ մարդը փողի կարիք ունի, նշանակում է` հնարամիտ չէ, ճարպիկ չէ, իսկ որոշ երկրներում էլ անգամ խելք չունի: Այսինքն` փող կարիք ունեցողի խնդիրը փողի բացակայությունը չէ, մանավանդ, երբ փողի կարիք ունի քաղաքական ուժը, հատկապես` երբ այդ քաղաքական ուժը նախկին իշխանություն է եղել:
Կոնկրետ ՀԱԿ-ի պարագայում, կարծում եմ, խնդիրը ոչ թե փողի բացակայությունն է, այլ փող պահել չկարողանալը: Հիշում ենք, որ մի քանի տարի առաջ ՀԱԿ-ի այսօրվա տղերքը իշխանություն էին, հետեւաբար` փող ունեին, եւ քանի որ հիմա նրանք փող չունեն, կնշանակի չեն կարողացել պահել այդ փողը, ծախսել են: Եվ որովհետեւ որեւէ արդյունքի չեն հասել, ուրեմն անարդյունավետ են ծախսել: Այսինքն` մսխել են, եւ եթե հաշվի առնենք, որ հայրենական բարեգործության ոլորտում ՀԱԿ-ից ոչ մեկը հայտնի չէ, նշանակում է` իրենց կարիքների համար են մսխել: Համենայն դեպս, ո\'չ եկեղեցի են կառուցել, ո\'չ էլ եկեղեցուն են առանձնապես հավատում: Մինչդեռ` եթե ՀԱԿ-ը իշխանազրկումից հետո կարողանար արդյունավետ տնօրինել իր պահուստային ֆոնդը, ապա այսօր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության համար ոչ մեկի կարիքը չէր զգա, իրենք հա\'մ բուրժուան կլինեին, հա\'մ էլ դեմոկրատը:
Բայց եղել է այն, ինչ եղել է, այսօր ՀԱԿ-ը, բոլորիս տներում առկա հերթապահ բոնբոներկան ձեռքին, սպասում է, թե որ բուրժուան պետք է քաղաքականություն մտնելու հայտ ներկայացնի, որ վազի մոտը` դեմոկրատիա խաղալու: Հենց խաղալու, քանի որ իրականում ՀԱԿ-ը դեմոկրատ էլ չէ:
Հովիկ Աֆյան