կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-30 15:15
Հասարակություն

Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)

Սոցիալիստական դեմոկրատիայի ճգնաժամի մասին (Մայիսի 1-ի առիթով)

Վաղը մայիսի 1-ն է, աշխատաւորների մեծ տօնը։

Մայիսի 1-ը մեծ տօն լինելու բացի, պատեհ առիթ է նաեւ անդրադառնալու եւ բարձրաձայնելու այն երեւոյթների մասին, որոնք ախտահարել են մերօրեայ սոցիալ-տնտեսական յարաբերութիւնները՝ պատճառաելով հասարակական լրջագոյն ճգնաժամ, որը հիմնականում արտացոլւում է անհատական շահի նկատմամբ արդէն ծայրայեղութեան հասած պաշտամունքի, կապիտալի ոչ բնական կուտակումի, եւ սոցիալական ընդգծւած բեւեռացման տեսքով։

Ճգնաժամ, որի հիմքում ընկած է վայրի կապիտալիստական արժեհամակարգը, եւ դրա անկիւնաքարը հանդիսացող նէոլիբերալիստական տնտեսական տեսութիւնը։

Վերջին երկու-երեք տասնամեակների սոցիալ-տնտեսական գործընթացների տրամաբանութիւնը, զարգացման ընթացքը եւ արդիւնքները փաստում են, որ կապիտալիզմն ու նրա արմատներում ընկած նէոլիբերալիզմը ոչ միայն չեն նպաստում բարեկեցիկ եւ զարգացած հասարակութեան ձեւաւորմանը, այլ, ընդհակառակը, վայրագ սեփակաշնորհումը, պետութեան համար ռազմավարական նշանակութիւն ունեցող տնտեսական ճիւղերի եւ ենթակառուցւածքների ապակենտրոնացումը, ազգային հարստութեան եւ եկամուտների անարդար բաշխումը, հակասոցիալական հանրային կառավարումը, որի հիմնականում դրսեւորւում է պետութեան կարգաւորող դերի, ինչպէս նաեւ՝ հանրային- հասարակական ծառայութիւնների ծաւալի կտրուկ նւազման տեսքով, աղքատութիւնն արմատաւորել են՝ որպէս հասարակութեան որոշակի խաւի մնայուն կենսաձեւ։

Հէնց սա էլ մեր օրերի առաջադէմ մտածողներին, փիլիսոփաներին եւ տնտեսագէտներին ստիպել է խօսել արժեհամակարգային արմատական փոփոխութիւնների, եւ սոցիալ-տնտեսական յարաբերութիւնների հիմնական վերանայման անհրաժեշտութեան մասին։

Նրանք հաւատացած են, որ այսօր, երբ կապիտալիզմի սահմաններն ընդգրկում են աշխարհի պետութիւնների ճնշող մեծամասնութիւնը, օրակարգային եւ օրապահանջ է դարձել կապիտալիզիմի, նրա ակունքների, գաղափարական եւ արժէհամակարգային հէնքի, պետութիւնների եւ ժողովուրդների կեանքում նրա աւերիչ ազդեցութեան մասին բանավէճը։

Տրամաբանութիւնը յուշում է, որ նման բանավէճի հիմքում, որպէս այլընտրանք, պէտք է որ ընկած լինի դեմոկրատական սոցիալիզմը, որը ենթադրում է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական արդարութիւն, արտադրամիջոցների ճիշտ եւ հաւասար օգտագործում ինչպէս նաեւ՝ եկամուտների եւ երկրի հարստութեան ճիշտ բախշում ժողովրդի միջեւ։

21-րդ դարում, կապիտալի գլոբալիզացման պայմաններում, թւում էր, թէ սոցիալ-դեմոկրատիան պէտք է հանդէս գայ՝ որպէս հասարակութիւնների ուղղորդող գաղափարախօսութիւն, որը կարող է ապահովել քաղաքակիրթ մարդկութեան զարգացման նոր փուլի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխութիւնները, եւ անցումը որակական նոր փուլի։

Արդիւնքները, սակայն, մեղմ ասաղ հիասթափեցնող էին։

Սոցիալ-դեմոկրատական գաղափարախօսութիւնը կրող կուսակցութիւններն իրենց գործունէութեամբ փաստեցին, որ անկարող են գնալու քաղաքական եւ սոցիալ-տնտեսական այնպիսի ռեֆորմաների, որոնք անհրաժեշտ են կապիտալի գլոբալիզացման պայմաններում հասարակական արդարութեան եւ հաւասարութեան ապահովման համար։

Այդ կուսակցութիւնների ծրագրերը գնալով աւելի նմանւեցին աջ՝ նէոլիբերալիստական կուսակցութիւնների ծրագրերին, իսկ իշխանութեան գալու դէպքում էլ նրանք բաւարարւեցին միայն մակերեսային՝ հիմնականում բովանդակազուրկ փոփոխութիւնններով, որոնք չէին կարող ապահովել հասարակութեանն անհրաժեշտ օրակարգային սոցիալ-տնտեսական բարեփոխումները։ 

Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնների գաղափարական ամուլթիւնն աչքի ընկաւ յատկապէս սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամերի ժամանակ, երբ հասարակութիւնը զգում էր արմատական բարեփոխումների անհրաժեշտութիւնը։

Նման շատ դէպքերում սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւնները ոչ միայն դրսեւորեցին հիասթափեցնող անգործութիւն, այլ, յաճախ փորձեցին կանխել եւ չէզոքացնել սոցիալական շարժումները։

Հէնց այս երեւոյթն էլ աստիճանաբար հսկայական անջրպետ ստեղծեց այդ կուսակցութիւնների եւ նրանց հասարակական հենքը համարւող բանւոր-աշխատաւորների, նրանց շահերը ներկայացնող արհմիութիւնների, եւ ձախ շարժումների միջեւ։

Կորցնելով նրանց քւէները, սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւններն աստիճանաբար զիջեցին իրենց երբեմնի առաջատարի դիրքերը՝ վերածւելով լուսանցքային կուսակցութիւնների, որոնք կորցրեցին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացների վրայ որոշիչ ազդեցութիւն ունենալու հնարաւորութիւնը։

Ոգեւորութիւն չներշնչող, այս գորշ իրականութեան ֆոնին հարց է առաջանում, կա՞յ արդեօք որեւէ փրկօղակ սոցիալ-դեմոկրատական գաղափարախօսութեան եւ դրա կրող կուսակցութիւնների համար։

Պատասխանը մէկն է եւ միանշանակ. Վերադարձ արմատներին։ Այն արմատներին, որոնք անմիջականօրէն կապւած են հասարակական կեանքի հիմնարար եւ որոշիչ արժէքների հետ, եւ երաշխաւորում են, որ բացառւի կապիտալի ոչ բնական կուտակումը, ապահովւի սոցիալական արդարութիւնը, կանխւի հասարակութեան բեւեռացումը։

Իհարկէ հարկաւոր է նշել եւ ընգծել, որ դէպի կենսատու արմատները վերադարձին զուգահեռ, անհրաժեշտ է թարմացնել եւ արդիականացնել հայեացնքներն ու մօտեցումները, մշակել համապատասխան մարտավարութիւն եւ ռազմավարութիւն՝ դրանք համապատասխանեցնելով օրւայ պահանջներին եւ մարտահրաւէրներին։

Յիշենք եւ չմոռանանք, որ դեմորտական սոցիալիզմը շարունակում է մնալ որպէս քաղաքական եւ սոցիալ-տնտեսական անհրաժեշտութիւն։

Այն այդպիսին կը մնայ եւ կը գոյատեւի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացւել այն պայմանները, որոնք ծնում են սոցիալ-տնտեսական անհաւասարութիւն եւ անարդարութիւն։

Յիշենք եւ չմոռանանք, որ առաջնայինը եւ կարեւորը գաղափարախօսական բովանդակութիւնն է, որը պէտք է ապահովի աւելի արդար եւ աւելի հաւասար համակարգ՝ ձգտելով դրա կատարելագործմանը։

Alik Online

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ