կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-13 15:04
Քաղաքական

ՀԱԿ-ի խնդիրը բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելն է

ՀԱԿ-ի խնդիրը բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելն է

Ասում ենք` նորաստեղծ կուսակցություն, բայց դա նորաստեղծ է միայն ֆորմալ առումով` ձեւակերպմամբ. ՀԱԿ կուսակցության հռչակումը ընդամենը 5 տարի առաջ կայացած փաստի ֆորմալ գրանցումն է. ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Անդրադառնալով նորաստեղծ կուսակցության ծրագրի մի քանի դրույթների` ՀՀ առաջին նախագահն ասաց, որ իրենց խնդիրն է շեշտը դնել ոչ թե ծրագրի գործնական քայլերի, այլ ավելի շատ փիլիսոփայության վրա:

 

«Նախ` այդ ծրագրում պետք է արտահայտված լինեին մեր` ՀԱԿ կուսակցության պատմական ակունքները: Եվ դա լիովին արտահայտված է. պատմական ակունքներից մեկը 1988 թվի շարժումն է` ՀՀՇ-ն, մյուսը` ՀԱԿ շարժումը»,- նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Նա անդրադարձավ նաեւ նորաստեղծ կուսակցության գաղափարախոսական հիմքերին ու նշեց, որ ազատականության մասին մի մոտեցում կար` ԽՍՀՄ-ից հետո իրենք պետք է դառնային ամենածայրահեղ լիբերալները եւ այլն` չհասկանալով նաեւ այդ ծայրահեղության սահմանափակումները:

 

«Եվ մենք մեր կյանքի փորձով եկանք ու հանգեցինք սոցիալ-լիբերալիզմի դրույթներին: Մյուս փիլիսոփայությունը արժեքային համակարգն է` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն: Եվ կա մի բաժին, որը կոնյունկտուրա է, որը գործնական քաղաքականությանն է վերաբերում: Դրա կարիքը հետագայում կարող է չզգացվել, եթե հետագայում Հայաստանում սահմանվի ժողովրդավարություն, դա վերաբերում է սահմանադրությանը հետեւողական լինելուն»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ հավելեց, որ իրենց ծրագիրը կարելի էր իրականացնել մեկ նախադասությամբ` քայլ առ քայլ իրականացնել սահմանադրության դրույթները:

 

Լեւոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ սահմանեց, թե որն է նորաստեղծ կուսակցության ուզածը, եւ ինչպես են իրենք տեսնում երկրի բարեփոխումները կամ համակարգային փոփոխությունները:

 

«Մեր խնդիրն է իրականացնել բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն: Մեզ մոտ սովետական շրջանի իներցիան է, երբ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը կամ ազատ շուկայական դրսեւորումը կամ պառլամենտարիզմը համարվեցին մարդկության ամենամեծ չարիքը: Այսօր այդ իներցիան մնացել է…Մինչեւ չկայանա բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն, հասարակությունը չի կարող անցնել սոցիալիզմի: Սա նշանակում է ընդամենը մեկ բան, որ արտադրական ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն: ժամանակին դա ֆեոդալական կապանքներն էին, հիմա էլ մեզ մոտ ավազակապետական կապանքներն են: Մինչեւ խոշոր բուրժուազիան չազատվի ավազակապետության կապանքներից, Հայաստանը ժողովրդական երկիր չի դառնա, եւ միջին ու մանր բիզնեսը բողբոջում չի ունենա: Մի’ կարծեք, որ ֆրանսիական բուրժուաները, որ 18-րդ դարում հեղափոխություն էին անում, ավելի լավն ու կրթված էին, քան հիմա»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նշեց Խաչատուր Սուքիասյանի օրինակը, ով 2008 թվականին նույնպիսի մի օլիգարխ էր եւ նրա նկատմամբ նույն վերաբերմունքը կար, ինչ մյուս օլիգարխների:

 

Այդ օրինակով նա անդրադարձավ ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին եւ ասաց, որ չի կարելի վանել մի ուժի, որը նպաստում է չարիքի դեմ պայքարին: Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ առաջիկա ընտրություններում լուրջ հարված կստանա ԲՀԿ-ն, որովհետեւ, կարծիք հայտնեց Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը զգում է այդ վտանգը եւ թույլ չի տալու, որ ԲՀԿ-ն ունենա այն նույն հաջողությունը, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ: Առաջին նախագահը նշեց, որ  ավագանու առաջիկա ընտություններին «Ժառանգության» նկատմամբ էլ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը փոխվելու է, եւ թույլ չեն տալու, որ ստանա այն տոկոսները, ինչ նա ստացավ նախագահական ընտրությունների ժամանակ:

 

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, եւ Սերժ Սարգսյանը փորձելու է Րաֆֆիին ցույց տալ որոշ տոկոսներ, թե վերջին ընտրություններից ընդամնեը մի երկու ամիս հետո նախագահական 37 տոկոսից հետո մի քանի կարգ ցածր ցույց տալ:

 

«Նախեւառաջ` ես չէի ուզի Րաֆֆիի մասին ոչ մի բացասական, հեգնական բան ասել: Չի կարելի` եթե մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի այդպիսի դիտողություն անել: Փաստենք, որ հստակ արտահայտվել ենք, որ հաղթողը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սա մեծագույն աջակցությունն էր, որ կարող էր ընդդիմադիր կուսակցություն ցույց տալ մի որեւէ ուժի կամ գործչի: Երկրորդը` մեր ակտիվիստների մեծագույն մասը եղել են հրապարակում: Եվ երրորդը` ասում են ինչո՞ւ ղեկավարությունը չմիացավ շարժմանը: Այստեղ մի շատ մոդայիիկ հարց կա, որ շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանը` միանայի, որ ի՞նչ անեի, միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Ասեմ, որ Վովայի հետ աղոթելն իմ մանկության երազանքը չի եղել»,- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

 

Նա մեկ անգամ եւ ընդմիշտ հստակեցրեց իրենց դիրքորոշումը. «Մենք քաղաքական կուսակցություն ենք, քաղաքական ուժ ենք եւ միանում, սատարում եւ աջակցում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին: Կլինի քաղաքական պրոցես` մենք այնտեղ ենք, չլինի` մենք այնտեղ չկանք: Մենք հետընտրական շրջանում տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից: Հիմա մենք պատրաստ ենք «Ժառանգության» հետ համագործակցել: Քաղաքական պրոցես ասելով` նկատի ունենալով ընտրությունները»,- շեշտեց Լեւոն Տեր-Պետրոսյանը ու հույս հայտնեց, թե դեռ հնարավորություն կա միասնական քաղաքական պրոցես սկսելու, բայց նշեց, թե միայն լուրջ, առաց դեմագոգիայի, առանց ակնարկների եւ այլն:

 

Առաջին նախագահը համոզմունք հայտնեց, որ հիմա պետք է միասնական մեխանիզմ ստեղծել` ընտրությունները վերահսկելու, ինչպես նաեւ հետընտրական շրջանում համագործակցելու համար: