Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ» թերթը նախօրեին «վերլուծություն» էր հրապարակել, որով փորձում էր հիմնավորել, թե նոր խորհրդարանում իրատեսական է «Ծառուկյան»-«Ելք», գուցե նաև` ՕՐՕ կոալիցիայի ձևավորումը և դրա միջոցով իշխանափոխության իրականացումը: Եվ, որպես փաստարկ, բերվում էին քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի և Նաիրա Զոհրաբյանի արած այն հայտարարությունները, թե պետք է հեռանան նրանք, ովքեր մեղավոր են երկրում ստեղծված վատ վիճակի համար, և որ «Ծառուկյան» դաշինքը գործող իշխանության հետ կոալիցիա չի կազմելու: Այս հոդվածը գուցե առանձնակի կարևորություն չունենար, եթե հրապարակված չլիներ մի թերթում, որը «Ելք» դաշինքի լոկոմոտիվային քարոզչական ռեսուրսն է:
Հրապարակումը սկզբից մինչև վերջ «Ծառուկյան» դաշինքին և անձամբ Գագիկ Ծառուկյանին ուղղված` կոդավորված մանիպուլյացիոն ուղերձների ամբողջություն է` իրողությունների որոշակի խեղաթյուրմամբ: Թեև փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե «Ծառուկյան» դաշինքն է ապագա այլընտրանքային խորհրդարանական կոալիցիա ստեղծելու նախաձեռնություն ցուցաբերում, իրականում դրա հեղինակը հենց «Ելք»-ն է: Սա կարելի է համարել խորհրդարան անցնելուց հետո, այսպես կոչված, հակահհկական կոալիցիա ձևավորելու և այդ հարցում հենց այս փուլից կուլիսային պայմանավորվածություններ ձեռք բերելու կոնկրետ, բայց անուղղակի առաջարկ Ծառուկյանին: Հանուն դրա՝ «Ելքը» նույնիսկ գնացել է իր քարոզչական ռազմավարությանը հակադրվող աննախադեպ հնարքի. հղում կատարելով ինչ-որ անանուն սոցհարցումների՝ պնդում է, որ ամենաբարձր վարկանիշն ունի «Ծառուկյան» դաշինքը, որին հաջորդում է ինքը՝ «Ելքը»:
Սա, իհարկե, սոցհարցումներին հղումներով ու վարկանիշային նման աճպարարություններով մի կողմից հանրությանն իր հաղթողականությունը ներշնչելու, մյուս կողմից` «Ծառուկյան»-ի մոտ իր կշիռը բարձրացնելու բավականին պարզունակ մանիպուլյացիոն հնարք է: Չի բացառվում, որ «Ծառուկյան»-«Ելք» կոալիցիայի հնարավորության մասին ակնարկը նման հեռանկարի վերաբերյալ հանրային արձագանքն ստուգելու «տեղեկատվական բադիկ» է, նաև «Ծառուկյան» դաշինքի պոտենցիալ ընտրազանգվածից ինչ-որ մաս պոկելուն ուղղված քայլ:
Սակայն առավել կարևորն այն է, որ դրանով «Ելք»-ը Գագիկ Ծառուկյանին, փաստորեն, համոզում է, որ նա ունի ԱԺ-ում հարաբերական մեծամասնություն ձևավորելու, հետևաբար` նաև, այլընտրանքային կոալիցիա կազմելով, գործող իշխանությանը հեռացնելու բոլոր հնարավորությունները: «Ելքը» փորձում է համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հիմա 2015թ. փետրվարը չէ, որ իշխանությունը կարողանա նրա վրա ճնշում գործադրել և կրկին հեռացնել քաղաքականությունից: Ուստի պետք է օգտվել այդ շանսից ու գնալ ընտրությունների միջոցով, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության»: Եվ եթե նա հիմա անցնի այն սահմանը, որը չկարողացավ հաղթահարել 2 տարի առաջ, ոչ միայն «Ելքը», այլև գուցե նաև ՕՐՕ-ն կմիանան այդ հեղափոխությանը:
Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում: Ծառուկյանին նման ուղերձներ հղելով` «Ելք»-ն անում է այն, ինչին 2011թ. կեսերից մինչև 2015թ. փետրվարյան հայտնի դեպքերը այդքան նրբանկատորեն և հետևողականորեն փորձում էր հասնել Լևոն Տեր-Պետրոսյանը` ներշնչել Գագիկ Ծառուկյանին՝ գնալ, տերպետրոսյանական ձևակերպմամբ, «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխության: 2014-15-ին Ծառուկյանը դրան գրեթե հավատացել էր: Բայց Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարության հրապարակման գրեթե հաջորդ օրը Տեր-Պետրոսյանը, իր դավանած «ռեալպոլիտիկի» ոսկե կանոններով, անվրդով կերպով Սերժ Սարգսյանին հանդիպելու և որոշ գեոպոլիտիկ հարցեր քննարկելու առաջարկ արեց: Այս իմաստով` Ծառուկյանին նետված` «Ելք»-ի տեղեկատվական խայծը կարելի է համարել նման հեղափոխության երկրորդ արարի առաջարկ՝ այն տարբերությամբ միայն, որ, ի տարբերություն, Տեր-Պետրոսյանի, «Ելքը»-ը, կարծես, դեռ չի հավակնում Ծառուկյանին նաև համոզել, որ ինքն է թելադրող, հեգեմոն ուժը:
«Ելք»-ի այս հետաքրքիր, բայց ոչ օրիգինալ ռևերանսը կարելի կլիներ համարել պրագմատիկ քաղաքականություն, եթե չլինեին որոշ հանգամանքներ, որոնք բոլորովին էլ այս երիտասարդ, ներուժ և հետաքրքիր կոնտենտ ունեցող ուժի օգտին չեն խոսում: Այս դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն առաջիններից էին, որ ոչ միայն քննադատեցին Ծառուկյանին բուրժուա-դեմոկրատական հեղափոխության գործիք դարձնելու` տերպետրոսյանական ռազմավարությունը և հեռացան նրանից, այլև դա, ըստ էության, որակեցին որպես համաժողովրդական շարժման գաղափարներին դավաճանություն: Ընդհանրապես, նրանց համար «մարտիմեկյան» ողբերգությունը մինչ օրս համարվում էր իրական ընդդիմադիրներին իրական կամ թաքնված իշխանականներից տարբերակելու յուրօրինակ ֆիլտր, ըստ որի` Ծառուկյանը երբևէ չէր համապատասխանել ընդդիմադիրի` նրանց չափանիշներին: Հետևաբար` պետք է ենթադրել, որ հանուն իշխանափոխության նրանք պատրաստ են վերանայել այս չափորոշիչները, իսկ մարտիմեկյան սահմանագիծը, որպես այդպիսին, նրանց համար այլևս գոյություն չունի: Բայց եթե հիմա «Ելք»-ը գնում է դրան, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ բարոյական իրավունքով էին դաշինքին մաս կազմող այդ ուժերը քննադատում Տեր-Պետրոսյանին: Ամեն դեպքում եթե «Ելք»-ի պատկերացրած ելքի թունելն անցնում է մինչ օրս նրանց համար մերժելի համարված գագիկծառուկյան-հովիկաբրահամյանական «տարածքներով», նշանակում է այլևս կասկածներ չեն մնացել «Ծառուկյան» դաշինքի՝ սերժսարգսյանական կամ ռոբերտքոչարյանական պրոյեկտ լինելու հետ կապված:
Եթե նման հնարավոր կոալիցիան «Ելք»-ում համարում են մաքուր քաղաքական և դրա վրա խաղադրույք է կատարվում, ապա պետք է ենթադրել, որ կա'մ նրանք այնքան էլ եվրոպական տիպի պետություն կառուցելու ջատագով չեն, ինչպես փորձում են համոզել իրենց ծրագրում, կա'մ էլ հավատացած են, որ Ծառուկյանին հեշտությամբ եվրոպացի ջենտլմեն են դարձնելու: Խնդիրն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հրաբերությունները զարգացնելու կողմնակից է: Ավելին` իր նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա գրել է. «Շարունակելու ենք գործուն մասնակցություն ունենալ ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում»։ Շատ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են ելքցիները կոալիցիոն կառավարությունում ծառուկյանցիներին համոզելու, որ ԵԱՏՄ-ն չարիք է Հայաստանի համար, ուստի պետք է դրանից դուրս գալու քայլեր ձեռնարկել: Բայց, հայաստանյան քաղաքական մշակույթի ու պրիմիտիվ մտածողության տեսանկյունից, նման փոքրիկ, աննշան նյուանսներն էական չեն: Կարևորը՝ իշխանափոխության նպատակի ֆոնին կոալիցիա կազմելու մասին ակնարկները շատ լավ են հնչում:
Գևորգ Դարբինյան