կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 14:01
Քաղաքական

Կառավարության պահուստային ֆոնդի հերն էլ անիծած

Կառավարության  պահուստային ֆոնդի հերն էլ անիծած

Կառավարության այսօրվա նիստը հիշեցրեց հանրահայտ «Տղամարդիկ» ֆիլմը. նախ` եթե հանենք երկու կին նախարարներին, ապա կառավարության բոլոր նիստերը կհիշեցնեն այդ ֆիլմը, սա` իմիջիայլոց: Եթե հիշում եք` ֆիլմի վերջում, երբ գլխավոր հերոսներից` վարորդ Արամը Կարինեի սիրուն արժանանալու քայլերից վերջնականապես հուսահատ քայլում է Երեւանի փողոցներում, ձյուն է գալիս, եւ կադրից դուրս հնչող ձայնն ասում է. «Իհարկե, այսօր ձյուն եկավ: Օդերեւութաբանները դա պայմանավորեցին մթնոլորտային ինչ-ինչ ցիկլոններով, բայց մենք հո հասկանո՞ւմ ենք, թե ինչո՞ւ հենց այսօր ձյուն եկավ»: Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ դիտել են այս ֆիլմը, իհարկե, հասկանում են, թե ինչո՞ւ հենց այդ օրը ձյուն եկավ, եւ որ ինչ-ինչ ցիկլոններն առհասարակ կապ չունեին:

Դառնանք` կառավարությանը: Այսօրվա նիստում գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ, կրկնում ենք` 15 մլն դրամ հատկացնել… «Ջերմուկ քաղաքի մոծակների եւ խայթող միջատների դեմ պայքարի համար»: Նախարար Կարապետյանը, իհարկե, գիտականորեն, մասնագիտորեն հիմնավորել է, թե որքանով են վնասակար մոծակները եւ այլ խայթող միջատները մարդկանց առողջության, նաև` Ջերմուկը տարածաշրջանային տուրիզմի կենտրոններից մեկը դարձնելու համար: Բայց մենք, ինչպես «Տղամարդիկ» ֆիլմի վերջում տեղացող ձյան պարագայում, հո հասկանո՞ւմ ենք, թե ինչո՞ւ է կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ դուրս գրվելու:

Ի դեպ, Հայաստանում, տուրիզմի առումով, Ջերմուկից պակաս կարեւոր նշանակություն չունեն, օրինակ, Դիլիջանը կամ Սեւանա լճի ավազանը: Օրինակ` Դիլիջանում, երբ գիշերները պատուհանները բաց ես քնում, առավոտյան զարթնում ես խայթված, հետեւաբար, մոծակների խնդիրը ակտուալ է ոչ միայն Ջերմուկում: Առաջարկում ենք կառավարությանը մի քանի միլիոն դրամ էլ դուրս գրել իր պահուստային ֆոնդից կոնկրետ Դիլիջանում մոծակների եւ այլ խայթող միջատների դեմ պայքարի համար:

Հաշվի առնելով, որ Դիլիջանը, բացի «տարածաշրջանային տուրիզմի կենտրոններից մեկը» լինելուց, նաեւ «տարածաշրջանի ֆինանսական կենտրոնն է», հետեւաբար, այստեղ մարդիկ ավելի շատ են գալիս եւ լինում, կարելի է ոչ թե 15 մլն դրամ հատկացնել` ընդդեմ դիլիջանցի մոծակների, այլ` 30 մլն /այսքան ասում ենք, որ գոնե 20-ը տան/:

Հետո արդեն կարելի է մոծակների դեմ պայքարել Հայաստանի այլ բնակավայրերում: Ոչինչ, որ կառավարության պահուստային ֆոնդը կդատարկվի, բայց փոխարենը կունենանք մոծակներից ապահով Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի տարածված կոչ կար` «Ամեն ինչ` հանուն ռազմաճակատի»: Հիմա կարելի է առաջ շարժվել` փոքր-ինչ փոխելով այս կոչը` «Ամեն ինչ` հանուն մոծակների դեմ ռազմաճակատի»: Կառավարության պահուստային ֆոնդի հերն էլ անիծած:

Հովիկ Աֆյան