կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-29 18:38
Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին

Մարտի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին:

Ողջունելով հյուրին, նախարարը շնորհակալություն է  հայտնել Հայաստանի զարգացման գործում ՎԶԵԲ-ի մեծածավալ գործունեության համար: Նշելով, որ այս հանդիպումը հնարավորություն է խոսելու նաև ցավոտ հարցերից, նախարարը մանրամասն անդրադարձել է  մի շարք խնդիրների, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Նախ կարևորվել է համագործակցությունը` կառույցի և նախարարության կողմից իրականացվող ծրագրերի փոխհամաձայնեցված, կոորդինացված գործունեության առումով, ինչն առավել արդյունավետ կդարձնի տվյալ ծրագրի իրականացումը: Առանցքում նաև կապիտալի շուկաների զարգացումն ու տեղական արժույթով ֆինանսավորման խթանման հարցերն էին: 

-Ունենալով օրենսդրական լիազորություն առևտրի և շուկաների պետական կարգավորման բնագավառում, մեր նախարարության կարևոր խնդիրներից մեկը այսօր կապիտալի շուկայի թերզարգացվածության վիճակի փոփոխությունն է: Ցավոք, Հայաստանում չի ձևավորվել կապիտալի արդյունավետ շուկա, մինչդեռ դա շուկայական տնտեսության առաջին հիմնական գրավականն է: Այս ուղղությամբ նախարարությունը նաև մեծածավալ գործունեություն է նախատեսում իրականացնել` ապրանքային և ածանցյալների շուկաների նոր օրենսդրություն մշակելու և կյանքի կոչելու առումով, - նշել է Արծվիկ Մինասյանը: 

Կիսելով մտահոգությունները բարձրացված հարցերի շուրջ, Մարկ Դեյվիսը հավաստիացրել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը համագործակցությունը խորացնելու հարցում: Ներկայացնելով կառույցի գործառույթները, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է մասնավոր հատվածի հետ տարվող աշխատանքները, իհարկե, որպես ուղենիշ ունենալով կառավարության նշած առաջնահերթությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՓՄՁ-ի զարգացմանը, Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված քայլերի վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը նշել է, որ վերամշակվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը: Նոր նախագծով օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Անդրադարձ է եղել 2016 թվականի հոկտեմբերին Նյու-Յորքում նախանշված «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառմանը, որի հաջող իրականացման համար  Հայաստանի զարգացման հիմնադրամը անելիքներ ունի: Այս առնչությամբ կարևորվում են բոլոր այն ծրագրերը, որոնք կներկայացնեն մեր երկրի մրցակցային առավելությունները, այդպիսով խթանելով նաև օտարերկրյա ներդրումները Հայաստանում:

 Հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել առաջին հանդիպման արդյունավետ քննարկումներից, ևս մեկ անգամ հավաստելով փոխգործակցության խորացմանն ու համագործակցության զարգացմանը միտված հանձնառությունը: