կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-01 18:44
Տնտեսական

էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը

էկոնոմիկայի նախարարն ընդունել է ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, փոխնախարարներ Գառնիկ Բադալյանը, Էմիլ Տարասյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը:

Քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները: Առանձնահատուկ կարևորվել է փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել տնտեսության այլ ոլորտներում կապերի սերտացման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ կոնկրետ գործողությունների վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը հրավիրել է Արծվիկ Մինասյանին այցելել Արցախ` տեղում ծանոթանալու ԼՂՀ տնտեսության զարգացման և Հայաստանի հետ ակտիվ համագործակցության հնարավորություններին: 

ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել մասնակցելու «Արցախի բարիքներ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 2-ին` Երևանի քաղաքապետարանում: Միջոցառումը նախաձեռնել է ԼՂՀ կառավարությունը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն արցախյան ավելի քան երեք տասնյակ կազմակերպություններ: