|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Հանդիպման առանցքում եղել են Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման հարցերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում գործունեության աշխուժացմանը, Հայաստանում իրանական կապիտալի ներգրավման միջոցով արտադրության հիմնման հնարավորություններին, մաքսային ընթացակարգերին, վարչարարության պարզեցմանը: Կարևորվել է զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունների և ներուժի ամբողջական օգտագործման անհրաժեշտությունը:
Նախարար Մինասյանը նշել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայկական ընկերությունների արտադրանքն իրանական շուկա արտահանելու ուղղությամբ կատարված աշխատանքը, այդ գործընթացի հետագա ընդլայման համար անհրաժեշտ քայլերը:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, կարևորել է վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, համաժողովների ընթացում քննարկված հարցերի ուղղությամբ գործնական կոնկրետ քայլերի իրականացումը, նշելով, որ իրանական կողմը լիովին պատրաստակամ է աջակցելու տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը:
Անդրադարձ է եղել նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանում նախանշվող ՏՏ ոլորտի և թվային մեդիայի միջազգային ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցության, ինչպես նաև, հոկտեմբերի 5-9-ը Թեհրանում միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, առանձնացված տաղավարով, «Հայաստան Էքսպո» հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսին առնչվող հարցերին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են առավել հաճախակի դարձնել նման հանդիպումները` քննարկված հարցերին արդյունավետ լուծումներ տալու համար: