կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 19:09
Տնտեսական

էկոնոմիկայի նախարարն ընդունել է GIZ ընկերության ներկայացուցիչներին և մի խումբ սիրիահայ գործարարների

էկոնոմիկայի նախարարն ընդունել է GIZ ընկերության ներկայացուցիչներին և մի խումբ սիրիահայ գործարարների

Մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն  ընդունել է Գերմանիայի տնտեսական համագործակցություն ընկերության /GIZ/ ներկայացուցիչներին, Սիրիահայերի միության անդամների և մի խումբ սիրիահայ գործարարների: 

Ողջունելով հյուրերին` նախարարն անդրադարձել է սիրիահայ գործարարներին հուզող մի շարք հարցերի, որոնց առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը մի շարք աշխատանքներ է իրականացնում: 

Նախարար Մինասյանը կարևորել է GIZ-ի` սիրիահայերի տնտեսական ինտեգրմանն ու գործարարությանն առնչվող ծրագրերը և նշել, որ ընկերության համագործակցությունը ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության հետ պետք է լինի և գաղափարական և գործնական: 

Անդրադառնալով սիրիահայերի գործարար ծրագրերի վարկավորմանը և դրանց իրականացման ընթացքին, նախարարը նշել է  նաև այն խնդիրները, որոնք առաջացել  են որոշ սիրիահայ գործարարների պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով և առաջարկել օժանդակության այնպիսի ձևեր գտնել, որոնք նոր  հնարավորություններ կտան դժվարությունների առջև կանգնած գործարարներին` շարունակելու իրենց գործունեությունը` օգտագործելով նաև իրենց մասնագիտական կարողությունները, անհրաժեշտության դեպքում կազմակերպելով նաև վերապատրաստումներ վերջիններիս համար:  

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է  սիրիահայերի արտադրությունների մշտական ցուցադրության հնարավորության հարցին, ինչը թույլ կտա այցելուներին տեսնելու  սիրիահայ գործարարների առաջարկները` արտադրությունից մինչ իրացում, դառնալով գործարար նոր կապերի ստեղծման հարթակ:

Կարևորելով բարձրացված հարցը` Գերմանիայի տնտեսական համագործակցություն ընկերության ներկայացուցիչ Հանս Յոհախիմ Ցինքան  նշել է, որ GIZ-ի կազմակերպած Տնտեսական հնարավորությունների շաբաթ բիզնես համաժողովի շրջանակներում քննարկվել է սիրիահայերի կենտրոն ստեղծելու գաղափարը, որին իրենք պատրաստ են օժանդակություն ցուցաբերել և ծրագրի իրականացման համար նաև դոնորներ գտնել:

Նախարար Արծվիկ Մինասյանը ևս մեկ անգամ նշել է նախարարության համագործակցության հանձնառությունը սիրիահայերի օժանդակության ծրագրերի իրականացման գործում: 

Այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ընթացակարգով`  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, որի ընթացքում նախանշվել է գործողությունների իրականացման ճանապարհային քարտեզը: