կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-23 13:39
Հասարակություն

35 մլն պարտքի դիմաց ցանկանում են խլել մոտ 300 մլն դրամանոց խանութը. ձեռներեցն՝ ընդդեմ «Արդշինինվեստբանկ»-ի

35 մլն պարտքի դիմաց ցանկանում են խլել մոտ 300 մլն դրամանոց խանութը. ձեռներեցն՝ ընդդեմ  «Արդշինինվեստբանկ»-ի

Ասլան Դիլբարյանը պնդում է, որ ոտնահարվել են իր իրավունքները, և ապօրինի կերպով իրեն ունեզրկել են: Դիլբարյանն այսօր լրագրողներին պատմեց, որ 25 տարի զբաղվում է անհատ ձեռներեցությամբ և իր ձեռնարկատիրական գործունեությունն ընդլայնելու նպատակով 2008 թվականի փետրվարի 4-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից վերցրել է 50.000.000 ՀՀ դրամ վարկ`գրավ դնելով Լենինգրադյան 4/9 հասցեում գտնվող իր խանութը: Ըստ նրա` մոտ մեկ տարի պարտաճանաչ կատարել է վարկային պարտավորությունները, մուծել է շուրջ 15.000.000 դրամ, բայց 2008 թվականի դեկտեմբերի 24-ին տարել է սուր ինֆարկտ, ենթարկվել է վիրահատության (2-րդ խմբի հաշմանդամ է):

Դիլբարյանը նշեց նաև, որ սեփական հիվանդության, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով չի կարողացել ժամանակին ամբողջությամբ մարել վարկը: Նա նաև դիմել է Սերժ Սարգսյանին, և նախագահականի աշխատակիցն անձամբ է եկել մեքենայով` իրեն տարել նախագահական, որպեսզի լսի խնդիրը:

«Բանկի դիմումի համաձայն` դատարանը 2009 թվականին (ապօրինի) ինձ ճանաչել է սնանկ, որից հետո կազմակերպվել է կեղծ աճուրդ` առանց ինձ և բանկին տեղյակ պահելու, և իմ գույքը, որը գնահատված է եղել 145.000.000 ՀՀ դրամ (նշված գինը կրկնակի ցածր է իրական արժեքից) վաճառել են ընդամենը 38.000.000 ՀՀ դրամով՝ չնայած այն հանգամանքին, որ ես բազմիցս դիմել եմ բանկին` վարկային պարտավորություններս կատարելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու խնդրանքով: Օգտվելով իմ առողջական վիճակից` կեղծ սնանկության տանելու եղանակով և կեղծ փաստաթղթերով իմ գույքը հափշտակվել է, ակնհայտ ցածր գնով իրացվել, ավելին՝ նույնիսկ նպատակ են հետապնդել բնակարանս ևս չնչին գնով խլել ինձանից, որի պատճառով ես հայտնվել եմ անելանելի վիճակում: Փաստորեն, 35.000.000 ՀՀ դրամ պարտքի դիմաց ցանկանում են խլել մոտ 300.000.000 դրամ արժողությամբ խանութս և 40.000.000 դրամ արժողությամբ բնակարանս»,- ասաց Դիլբարյանը և հավելեց, որ նախագահին դիմել է, որ դիմումի հետքերով պահանջեն այն բոլոր գործերը, որոնց մասին ինքն արդեն մի քանի տարի է` աղաղակում է: