կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 15:14
Քաղաքական

Խոսելով կոնսենսուսի մասին` դուք ուզուրպացրել եք քաղհասարակության կարծիքը. Դավիթ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին

Խոսելով կոնսենսուսի մասին` դուք ուզուրպացրել եք քաղհասարակության կարծիքը. Դավիթ Հարությունյանը՝ Լևոն Զուրաբյանին

Այսօր ԱԺ-ում ԸՕ նախագծի վերաբերյալ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ`արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու հասարակական-քաղաքացիական կազմակերպությունների մասնակցությամբ:

Հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ աշխատանքային խումբը վերջնական լուծումների չի հանգել, և կառավարությունը լիազորել է աշխատանքային խմբին շարունակել աշխատանքը:

Հարց ուներ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ ԸՕ նախագծի հետ ամեն ինչ պարզ է` չեն կատարվել ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի կողմից ներկայացված հանձնարարականները:

Դավիթ Հարությունյանը հակադարձեց` ասելով, որ այդ հանձնարարականների մեծ մասը տեղ են գտել ԸՕ նախագծում:

Լևոն Զուրաբյանը նաև հայտարարեց, թե ընդդիմության միասնական պլատֆորմ է ձևավորվել, ներկայացվելու է հինգ հիմնական պահանջ՝ ԸՕ նախագծի փոփոխման մասով, և որ այդ պլատֆորմին միացել է քաղաքացիական հասարակությունը:

Դավիթ Հարությունյանը հարցրեց. «Ո՞վ է միացել այդ պլատֆորմին, թող ձեռք բարձրացնի»:

Դահլիճում մի քանի ձեռք բարձրացնողներ եղան:

Դավիթ Հարությունյանը շարունակեց. «Իմ մտավախությունը միշտ այն է եղել որ, խոսելով լայն կոնսենսուսի մասին, դուք իրականում ուզուրպացրել եք քաղաքացիական հասարակության կարծիքը, այլ քաղաքական ուժերի կարծիքը»:

Լևոն Զուրաբյանը արձագանքեց, թե հիմնական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները միացել են:

«Ուրեմն այստեղ նստած քաղհասարակության մեծ մասը երկրորդակա՞ն է: Խնդրում եմ հարգանքով վերաբերվեք»,- ասաց Դավիթ Հարությունյանը: