կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-17 17:15
Իրավական

Պերմյակովը մի նախադասություն ասաց, որն ինձ ցնցեց. Էլդա Գրին

Պերմյակովը մի նախադասություն ասաց, որն ինձ ցնցեց. Էլդա Գրին

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը դատահոգեբանական փորձաքննության ժամանակ մի նախադասություն է արտաբերել, որը ցնցել է փորձաքննությանը մասնակցած հայտնի փորձագետ Էլդա Գրինին: Այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում փորձագետն անկեղծացավ և հայտնեց, որ Պերմյակովի հետ երկարատև զրույց է ունեցել:

«Ես իրավունք չունեմ ասելու` նա է սպանել, թե` ոչ, բայց նրա մեջ թաքնված մի բան կար: Նա մի նախադասություն ասաց, որն ինձ ցնցեց: Նա ասաց. «Եթե ես նույնիսկ մենակ լինեի, միևնույն է, չէի ասի»: Ճիշտ է, դա գուցե հենց այնպես է ասել, բայց …»,- պատմեց փորձագետը:

Մեր հարցին` արդյո՞ք տարօրինակ չէր Պերմյակովի պահվածքը, Էլդա Գրինը պատասխանեց. «Պահվածքի մեջ տարօրինակ բան չկար, ընդհակառակը` նա ուրախ էր, նույնիսկ շատ գոհ էր, որ հետը խոսում ենք, հետը մարդավարի ենք վարվում, շատ ուրախությամբ լրացնում էր մեր տված թեստերը: Մի քանի անգամ ասացինք` ճաշի ժամն է, եթե ուշանաս, էլ չես կարող ուտել, բայց նա մնաց, չէր ուզում գնալ»:

Հարցին` արդյո՞ք նրա պահվածքը բնորոշ էր 7 մարդ սպանածի պահվածքի, փորձագետը պատասխանեց. «Մի քիչ բնորոշ չէր»:

Փորձագետի խոսքով՝ Պերմյակովը միջին մակարդակի ինտելեկտով անձնավորություն է, նորմալ հիշողությամբ: Ըստ նրա` արժանահավատ չէ նաև Պերմյակովի՝ սատանիստ լինելու վարկածը:

Հարցին` նա ունա՞կ էր նման դաժանությամբ սպանելու երեխայի, ինչպե՞ս է նա վերաբերվում երեխաներին, Էլդա Գրինը պատասխանեց. «Մենք նրան այդ հարցը տվել ենք, նա ասաց, որ երեխաների սիրում է, սիրել է իր բարեկամների երեխաներին, ոչ մի ագրեսիվություն, զզվանք նրանց հանդեպ չի զգացել»:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների սպանության գործն այժմ քննվում է Գյումրիում տեղակայված ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում: