կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-15 13:16
Տնտեսական

Եթե ԱԱՀ չգանձեինք, ապա անհավասար պայմաններ կստեղծեինք իրավաբանական անձանց համար. փոխնախարար

Եթե ԱԱՀ չգանձեինք, ապա անհավասար պայմաններ կստեղծեինք իրավաբանական անձանց համար. փոխնախարար

ԱԺ հերթական քառօրյայում քննակվում է ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը. նախատեսվում է ԵՏՄ անդամ երկրներից անձնական սպառման համար ավտոմեքենա ներկրելիս ազատել ԱԱՀ-ից:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցրեց հարակից զեկուցող` ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻքայել Մելքումյանին, թե ինչպե՞ս է լուծվելու մեկ տարի շարունակ քաղաքացիներից ապօրինանաբր ԱԱՀ գանձելու հարցը, արդյո՞ք փոխհատուցվելու է:

Միքայել Մելքումյանը կարծիք հայտնեց, որ ռուսական կողմի բարձրաձայնելու պատճառով չէ, որ կառավարությունը որոշել է ԱԱՀ չգանձել:

«Այնպես չէ, որ Վալովայան պետք է ասեր, նոր նախաձեռնեինք այս փոփոխությունը, Վալովայայի կողմից բարձրաձայնումը ուղղակի առիթ հանդիսացավ: ԱԱՀ-ից ազատվում են, երբ խոսքը գնում է անձնական սպառման ապրանքի մասին, երբ ապրանքը ներմուծվում է սպառելու, ոչ թե վաճառելու կամ բիզնես անելու նպատակով»,- ասաց նա:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ սպառողը իրավունքի կրողն է, և կառավարությունը իրավունք չուներ այդ գումարը գանձելու մեկ տարի շարունակ: «ԱԱՀ-ի ապօրինի գանձման հարցը մնալու է օրակարգում, մինչև որ պետությունը կարգավորի այն աստիճանաբար վերադարձնելու կամ փոխհատուցելու հարցը»,- ասաց նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով էլ` եթե այդ քաղաքացիները, որոնցից ԱԱՀ-ն ապօրինի են գանձել, դիմեին դատարան, կարող էին դատական կարգով հետ ստանալ այդ գումարը, սակայն քաղաքացիները չեն դիմել:

Միքայել Մելքումյանը համաձայնեց, որ կա իրավական կազուս, որը պետք է կարգավորվի:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը չհամաձայնեց «ապօրինի գանձում» ձևակերպման հետ` ասելով, որ երբ Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, փոփոխություններ տեղի ունեցան ԱԱՀ գանձման սկզբունքներում:

«Եթե ի սկզբանե ԱԱՀ չգանձեինք, ապա անհավասար պայմաններ կստեղծեինք մեքենաների ներկմամբ զբաղվող իրավաբանական անձանց համար: Ուստի պետք էր ժամանակ, որ բանակցություններ վարեինք ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի հետ, որպեսզի առանձնահատուկ մոտեցումներ սահմանվեին՝ ԱԱՀ գանձման առումով, և ժամանակ էր պետք, որ իրավաբանական անձինք իրենց պայմանավորվածությունները ձեռք բերեին: Այդ բանակցությունները լավ ու արագ էին ընթանում, և կառավարությունն արդեն իսկ գտավ որ կարող է այդ դրույթը վերանայել»,- ասաց Սուրեն Կարայանը: