կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-12 13:05
Քաղաքական

Վարչապետի նորանշանակ օգնականը «չի կորցնի մտածելու ունակությունը»

Վարչապետի նորանշանակ օգնականը  «չի կորցնի մտածելու ունակությունը»

Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի ավագ օգնական: Մարտիրոսյանը քաղաքագետ է, Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր:

Yerkir.am-ի հետ զրույցում Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ առաջարկություն ստացել է անձամբ վարչապետից: «Համաձայնել եմ, որովհետև կարծում եմ, որ որոշակի գիտելիքների պաշար կա, որը պետք է ներդրվի իմ մասնագիտական ոլորտում՝ հօգուտ պետության»,- ասաց նա:

Նշենք, որ Հայկ Մարտիրոսյանը ակտիվ քաղաքագետ է, հարցազրույցներ եւ ասուլիսներ է տվել՝ մեկնաբանելով արտաքին քաղաքական ոլորտը:

Հարցին, թե արդյո՞ք նոր պաշտոնը չի սահմանափակի տեսակետներն անկեղծորեն արտահայտելուն, վստահեցրեց, որ խոսքի սահմանափակումը մտքի սահմանափակման հետ կապ չունի:

«Բնականաբար, պաշտոնի անցնելով` ինքդ քեզ համար ընդունում ես որոշակի շրջանակներ, որովհետև պատասխանատվությունն ավելի մեծ է, բայց դա չի նշանակում, որ դու կորցնում ես մտածելու ունակությունը»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Նորանշանակ ավագ օգնականը ծանոթ է վարչապետին, իսկ ավագ օգնականի աշխատանքը ենթադրում է անձնապես աշխատանք վարչապետի հետ. Մարտիրոսյանը վստահ է, որ աշխատանքը շատ հաջող կլինի: Թերևս նրա գործունեության առաջին քայլերը ուղղված կլինեն արտաքին քաղաքական ոլորտին, որում նա մասնագիտացել է:

«Որևէ երկրի հետ կապված` առաջնահերթություն չկա, այդ առումով չէի ուզենա շատ կոնկրետ շրջանակներ դնել, կա ոլորտ, որով պետք է որոշակիորեն զբաղվել, բայց միայն այդ ոլորտով չէ, որ պետք է զբաղվեմ, աշխատանքն ինքնին ենթադրում է տարբեր ոլորտներ ու ուղղություններ: Սա կայացող երկիր է, երիտասարդ երկիր է, որտեղ, իհարկե, շատ խնդիրներ կան, և անելիքներ միշտ կան: Հիմա եթե ես կարողանամ այդ խնդիրների լուծման մեջ իմ դրական մասնաբաժինը ունենալ՝ մասնագիտական կարողությունները ներդնելով, կարծում եմ` թե\' անձնական, թե\' մասնագիտական բավարարվածություն կբերի»,- ասաց նա: