Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը.
Հարգելի՛ նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի նախագահությանը և, մասնավորապես, նախարար Սեբաստիան Կուրցին` արտգործնախարարների ոչ պաշտոնական այս հանդիպումը կազմակերպելու համար:
Անվստահության հաղթահարման և վստահության ամրապնդման նպատակով ջանքերի համադրումն ամրագրված է այս կազմակերպության «ծննդյան վկայականում», միևնույն ժամանակ երկխոսությունն ու համագործակցությունը մշտապես համարվել են որպես մեր համընդհանուր նպատակներին հասնելու միջոց: Մենք բարձր ենք գնահատում նախագահության՝ ԵԱՀԿ հիմքերին ևս մեկ անգամ անդրադառնալու նախաձեռնությունը, քանի որ այսօր ոչ երկխոսությունը, ոչ էլ համագործակցությունը չեն կարող համարվել որպես ի վերուստ տրված: Հուսով ենք, որ նմանօրինակ քննարկումները կարող են նպաստել համագործակցության իրական ոգու վերականգնմանը, այն գիտակցմամբ, որ ԵԱՀԿ ամենանշանակալի ձեռքբերումներն ապահովվել են երկխոսության և քաղաքական բարի կամքի շնորհիվ:
Համագործակցության հետընթացի և վստահության քայքայման պատճառները չեն սահմանափակվում զուտ մի շարք ոլորտներում առկա տարաձայնություններով: Այստեղ պետք է հիշատակել նաև կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, որի հետևանքով ոչ միայն հարված է հասցվում վստահության պահպանմանը, այլ նաև խարխլվում է ԵԱՀԿ բուն առաքելությունը՝ խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրել` ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության: Ադրբեջանի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլև հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը: Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը։
Ընդհանուր նորմերի և սկզբունքների ոտնահարումը և չարաշահումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում: Զարմանալի չէ, որ մասնակից այս պետությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս մնաց միայնակ և հայտնվեց մեկուսացման մեջ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ադրբեջանի հակադրումը ԵԱՀԿ հանձնառություններին ներառում է ԵԱՀԿ բոլոր երեք հարթությունները: Ադրբեջանի ղեկավարությունն որևէ առիթ բաց չի թողնում ներակայացնելու իր երկիրը որպես բազմամշակութայնության ջատագով: Իրականում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և պատմական ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ավիրումը և վերացումը հակառակն են վկայում: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) 2016 թվականի զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: Նմանօրինակ քարոզչության մթնոլորտում մեծացած հենց այս սերունդն է, որ կրկին ու կրկին ազգային ատելության հողի վրա զազրելի հանցագործություններ է իրականացնում: Ինչպե՞ս կարող է Բաքվի ղեկավարությունը խոսել բազմամշակութայնության մասին և միաժամանակ «բոլոր հայերին Ադրբեջանի համար մեկ թշնամի» անվանել: Հավանաբար, Բաքուն սա համարում է ինքնահռչակ «խելամիտ ուժի» դրսևորում: Խելամիտ ոչինչ չկա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի մեջ։ Շատ երկրներ քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրողությանը, և հայկական ծագում ունեցող իրենց քաղաքացիներին նախազգուշացնում են զերծ մնալ Ադրբեջան այցելություններից, որտեղ նրանք մոլեգին ռասիզմի խտրական քաղաքականության զոհը կարող են դառնալ։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախաձեռնեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները` Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները հաղթահարելու, ինչպես նաև բանակցային գործընթացի առաջխաղացման համար համապատասխան պայմաններ ստեղծելու նպատակով:
Վիեննայի գագաթաժողովի ժամանակ, մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, ինչն այնուհետև վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում. ներդնել ԵԱՀԿ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար, որը կարող էր նաև ծառայել որպես իրավիճակի սրման կանխարգելման մեխանիզմ, ինչպես նաև ընդլայնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի կարողությունները։ Վերահաստատվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, ընդգծվեց 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտությունը:
Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են: Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը և Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները: Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
ԵԱՀԿ շրջանակներում վստահությունը նախևառաջ ենթադրում է վստահություն հենց կազմակերպության և իր կարողության հանդեպ՝ արձագանքելու Եվրոպայում անվտանգության ահագնացող մարտահրավերներին: Վստահ ենք, որ եռանախագահների առաջարկությունների հիման վրա ԵԱՀԿ-ն պետք է ամրապնդի իր ներկայությունը հակամարտության գոտում՝ այն դնելով առավել տևական և ամուր հիմքերի վրա: Այս առնչությամբ ԵԱՀԿ-ն պետք է աջակցի հակամարտության բոլոր կողմերին հրադադարի ռեժիմը հարգելու, ռազմական սրումից խուսափելու և վստահություն կառուցելու հարցերում: ԵԱՀԿ-ն պատմության դասերի հիման վրա ստեղծված կազմակերպություն է, իսկ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ պատերազմը կարող է անվտանգության մթնոլորտի թյուր ընկալման և սխալ հաշվարկի հետևանք լինել, մինչդեռ խաղաղությունը վստահության վրա է հիմված: Ադրբեջանն այլ ճանապարհ է ընտրել:
Ժողովուրդներն իրավունք ունեն իմանալու` ով է նրանց տանում կորստի և տառապանքի ճանապարհով: Անկողմնակալ և պատասխանատու ձևով անվտանգության սպառնալիքների բացահայտումը կարևոր է այս կազմակերպության նկատմամբ վստահության ամրապնդման առումով:
Իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնանշեցին Ադրբեջանին որպես բռնությունը նախաձեռնող կողմ: Սա եռանախագահների` ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր: Նախկինում եռանախագահներն իրենց մի շարք հայտարարություններում բացեիբաց կոչ են արել Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները և հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Ի պատասխան Ադրբեջանի` 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի վավերականությունը հարցականի տակ դնելու վերաբերյալ պնդումների` եռանախագահները հստակորեն հայտարարեցին, որ այդ համաձայնագրերն անժամկետ են և պետք է խստորեն պահպանվեն:
Այնուամենայնիվ, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին և հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնսիկ հասցեական կոչերը։
Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը:
Այս զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը:
Պարո՛ն նախագահող,
Մենք հանձնառու ենք ԵԱՀԿ շրջանակներում խաղաղության, անվտանգության և համագործակցության առաջմղմանը ու շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերում:
Շնորհակալություն»: