|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ա.Կախյանի տունը հրկիզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը:
Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այս գործով ներգրավված կասկածյալ կամ ձերբակալված դեռևս չկա:
Նշենք, որ տան սեփականատեր Արմեն Կախյանը հետախուզվում է Վահագնի գյուղի բնակիչ` 44-ամյա Նվեր Քոչինյանին հրազենով սպանելու կասկածանքով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տունը հրկիզել են հենց Քոչինյանի մտերիմները, սակայն մինչ այժմ իրավապահներին չի հաջողվում կոնկրետ անձի մեղադրանք առաջադրել:
Ավելի վաղ հայտնել ենք, որ դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 27-ին Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ (հրկիզման եղանակով գույքի դիտավորյալ ոչնչացում): Նշանակվել են համալիր դատահրդեհատեխնիկական, դատաապրանքագիտական, ինչպես նաև դատաձգաբանական փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել: Կազմվել է հանցագործության բացահայտման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ: