կարևոր
163 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-01 14:44
Հասարակություն

Սերոբիկը… (հայրեր կորցրած բոլոր երեխաներին)

Սերոբիկը… (հայրեր կորցրած բոլոր երեխաներին)

-  Սերոբի՛կս, էդ հիմար խաղերը մի խաղա հեռախոսով, տղա՛ս, արի հայկական ժողովրդական լավ երգ դնեմ քեզ համար, լսի՛ր, - 10-ամյակը նոր բոլորած իր որդուն հաճախ էր դիմում հայրը՝ Վարդանը:

Վարդանը տոհմիկ կարնեցի էր, պապերից ժառանգած տիպիկ հայեցի նիստուկաց ուներ, լինելով առաջադեմ զինվորական, ավարտած լինելով հայկական և ռուսական բարձրագույն զինվորական հաստատությունները և տիրապետելով արդի տեխնոլոգիաներին՝ միաժամանակ  չափազանց ավանդապաշտ էր և համարում էր, որ հայոց բանակի, պետության ու երկրի հզորության գրավականը սեփական արմատների, սեփական ինքնության, հայոց բազմահազարամյա մշակույթի, պատմության, անցյալի հերոսությունների, նվիրյալ հայորդիների, ի վերջո՝ հայոց ազնվազարմ երգերի խոր իմացությունն է: Վարդանն ապրում էր այդ ամենով, նույնը փորձում էր սերմանել իր զինվորների, հատկապես՝ իր միակ որդու՝ Սերոբիկի մեջ, որին պաշտելու չափ սիրում էր և հպարտ էր, որ որդին կրում է իր ամենասիրելի հերոսներից մեկի՝ ֆիդայապետ Աղբյուր Սերոբի անունը:

- Վարդա՛ն, լավ էլի, թող երեխան մի քիչ զվարճանա, իր բոլոր ընկերների համար լավ-լավ հեռախոսներ են գնել ծնողները, Սերոբիկին զրկել ենք դրանից, թող գոնե իմ հեռախոսով խաղա, - հաճախ կշտամբում էր կինը՝ Վանուհին:

Վարդանը չէր հակառակվում նման դեպքերում՝ լավ հասկանալով, որ գործ ունի գլոբալ մարտահրավերի հետ, թեև ահավոր նյարդայնանում էր, երբեմն՝ կատաղությունից մտքում հայհոյում այդ հիմար խաղերն ստեղծողներին, սակայն, լինելով պրոֆեսիոնալ զինվորական,  գիտեր նաև սառնասիրտ լինել և իր ծանր ապրումները թաքցնել սրտի ամենախորը տեղերում:

- Վանուհի՛, ախր հեչ անվանդ համահունչ չես պահում քեզ, ինչո՞ւ քո նախնյաց Վան-Վասպուրականի շունչը չես փոխանցում Սերոբիկին,- ասելով՝ հանդարտ հանում էր զինվորական համազգեստը, փոխարինում տնային շորերով և փոքր-ինչ դժգոհ Սերոբիկի համար միացնում էր իր պաշտելի Հայրիկ Մուրադյանի` պայքարի, կարոտի երգերն ու որդու համար կարդում մի հետաքրքրաշարժ դրվագ հայոց անցյալից:

Տեսեք աղավնին Նոյյան տապանին,

Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,

Ավետիս կուտա հայկյա սերունդին,

Թե եկավ գարուն Թորգոմա զարմին…

Սերոբիկն, իհարկե, մեծ հաճույքով չէր սպասում հոր գալստյանը, քանզի իր զվարճանքի ժամը փոխվելու էր ինչ-որ երգերով ու պատումներով, որոնցից ինքը շատ բան չէր էլ հասկանում, ավելի շատ զարմանում էր՝ ինչո՞ւ է հոր մոտ այդքան հաստատ նստած այն համոզումը, թե դրանք այդքան կարևոր բաներ են: Ի՞նչ է տալու, օրինակ, էպոսի հերոսների իմացությունն իրեն, երբ կան դրանից ավելի լավ ու զվարճալի խաղեր…

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն….

Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն…

Շարունակվում էին Հայրիկ Մուրադյանի կատարումները, Վարդանը կլանված մեկ կարդում էր էպոսի այս կամ այն ճյուղը, մեկ՝ հայ ժողովրդական հերոսապատում հեքիաթներ, մեկ՝ իր սիրելի ֆիդայապետերի սխրանքները, մեկ՝ հայոց վանքերի ու հզոր բերդաքաղաքների մասին, իսկ ամենահուզիչ դրվագները հայոց նորօրյա հերոսապատումի՝ Արցախյան առաջին պատերազմի դրվագներն էին, որոնք, որպես նաև նվիրյալ զինվորական, գիտեր բոլոր դետալներով: Նման դեպքերում Վարդանը երբեմն նաև հուզվում էր, քանզի խոսում էր այն մարդկանց, այն օպերացիաների, Արցախի՝ արյամբ շաղախված այն տարածքների մասին, որոնք իր էությունն էին, և դրանցով էր իմաստավորված իր կյանքը:

Հպա՛րտ կանգնեք, հայո՛ց սեգ ժայռեր,

Դե՛, դղրդացե՛ք, հայոց լեռներ,

Ունենք առյուծ Վարդան հերոսներ

Դավիթ Ամալյանի՝ լեգենդար Դուշմանին նվիրված այս երգը ևս պաշտելու չափ սիրում էր Վարդանը և Արցախյան հերոսապատումի մասին խոսելիս հաճախ էր միացնում այն՝ երկար, շատ երկար նայելով որդու աչքերին. հայրական հպարտությունը կարծես նրա մեջ տեսնում էր Դուշման Վարդանի հուրհրացող կերպարը…

2020 թ. սեպտեմբերի 27. դժոխային պատերազմի հենց առաջին օրն իր պաշտելի Արցախի հարավարևելյան հատվածում հերոսաբար ընկավ Վարդանը, և Ստեփանակերտի նրանց կացարան այդ օրը նրա փոխարեն հասավ գույժը: Թեև, զինվորականի կին լինելով, ամեն վայրկյան պատրաստ էր ճակատագրի նման հարվածների, այդուհանդերձ, դաժան իրականությունն առաջին անգամ էր վեր խոյանում Վանուհու առջև: Նա փաթաթվեց Սերոբիկին, ծնկի եկավ իր, Վարդանի ու Սերոբիկի լուսանկարի առջև ու երկար արտասվեց…

44-օրյան, հոր եղերական կորուստն արմատապես փոխեցին Սերոբիկի ներաշխարհը: 10-ամյա երեխան դարձավ գրեթե անճանաչելի, այլևս ընկերների հետ կա՛մ չէր շփվում, կա՛մ շփումները կարճատև էին ու ակամայից. նա կտրականապես հրաժարվեց հեռախոս վերցնել իր ձեռքը՝ անգամ այն դեպքում, երբ նրան մայրը համառորեն առաջարկում էր խաղալ իր սիրած խաղերը՝ փորձելով այդ կերպ ցրել երեխայի ծանր ապրումները:

Շուտով մոր զարմանքը կրկնապատկվեց, երբ մի օր, տուն մտնելով, տեսավ Սերոբիկին՝ բազմոցին նստած ճիշտ այն դիրքով, երբ նրան նստեցնում էր հայրը, իսկ դիմացը՝ սեղանին, շուրջբոլորը շարած հենց այն գրքերը, որոնք հայրը երեկոները ներկայացնում էր նրան: Մոր հուզմունքը կրկնապատկվեց, երբ Սերոբիկը, մեկնելով ձեռքը, պահանջեց հեռախոսը: Մայրը հասկացավ ամեն ինչ և, արցունքները թաքցնելով, միացրեց Դուշման Վարդանին նվիրված ճիշտ այն երգը, որը հաճախ էին ունկնդրում հայր ու որդի: Սերոբիկն առանց մոր կողմը նայելու կամ շնորհակալության պես մի բան հայտնելու, կարելի է ասել՝ անտարբեր մոր ներկայությունից, հեռախոսը դրեց դիմացը և, գլուխը դնելով թևի վրա, թախծոտ հայացքը հառեց մի կետի ու անշարժացավ երկար – երկար…

Հպարտ կանգնեք, Հայոց սեգ ժայռեր,

Դե, դղրդացե՛ք, Հայոց լեռներ,

Ունենք առյուծ Վարդան հերոսներ,

Նրանց ոգով ապրող մանուկներ.

Հերոսի ուխտով երդվյալ զինվորներ,

Մասիսը տուն բերող հայ քաջեր 

Նախկինում Սերոբիկի համար ատելի այս երգի կրկնատողերն այժմ հնչում էին նրա ականջին որպես աղոթք, նախկինում դժկամությամբ իր ձեռքը վերցրած գրքերն այժմ դարձել էին,  կարծես, Աստվածաշունչ, խորախորհուրդ մատյաններ, քանզի նրանց մեջ ուրվագծվում էր հայրը՝ իր ողջ հզորությամբ, կարնո նահապետական հայի ողջ վեհությամբ:

Սերոբիկն այժմ երկար, շատ երկար էր նստում հոր հուշանկյան առջև, նայում հոր բարի ու իրեն պաշտելու չափ սիրող հայացքին, ձեռքը մեկնում՝ շոշափելու նրա մեդալներն ու շքանշանները, մարտական փառավոր ուղին խորհրդանշող աստղերն ու փաստաթղթերը, սակայն միշտ վախվորած հետ էր քաշվում՝ վախենալով խախտել դրանց դասավորությունը. նա ուզում էր հորը հիշել ու տեսնել այնպես, ինչպիսին կար, և չէր ուզում, որ ինչ-որ բան փոփոխվի կամ վերադասավորվի տան ու իր մանկական հիշողության մեջ:

Մայրը նման դեպքերում այլևս չէր միջամտում կամ փորձում ինչ-որ առաջարկներով ցրել որդու ուշադրությունը. գիտեր՝ անիմաստ վշտացնելու և բորբոքելու է նրա մանկական հոգին, գիտեր՝ այդ պահին Սերոբիկի սիրտը մի բան էր ուզում, միայն մի բան. հայրը կրկին դուռը բացեր, ներս մտներ, փոխեր իր զինվորական համազգեստն ու շրջապատեր իրեն գրքերով, լցներ իր հոգին Հայրիկ Մուրադյանի, Դավիթ Ամալյանի ու այլոց՝ պայքարի ու կարոտի երգերով, գիտեր՝ Սերոբիկին այդ պահին ոչինչ պետք չէր, բացի հոր՝ տոհմիկ կարնեցի Վարդանի կենդանի աչքերից, աչքեր, որոնց մեջ ցոլարձակում էին նրա պաշտելի Արցախն ու հայոց պայծառ ապագան…

 

Վահե Սարգսյան