կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-23 20:27
Իրավական

Հայրեր և որդիներ

Հայրեր և որդիներ

Այսօր առավոտից հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ները «պայթում էին» այն հույժ կարեւոր տեղեկությունից, որ վերջապես վնասազերծվել է վերջին ամիսներին հանրապետությունում գործող ավազակային հանցախումբը: Առաջին լուրից քիչ ավելի ուշ, հնչեց երկրորդ «պայթյունը». «Ավազակային խմբի անդամները պաշտոնյաների որդիներ են»: Շրջանառության մեջ դրվեցին պաշտոնյաների ազգանուններ, որոնք կայծակի արագությամբ տարածվեցին ողջ երկրում:


Ավելի ուշ` ժամեր անց, սկսվեց հերքումների «շքերթը»: Իրար հետեւից հերքվեց թե' Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի եւ թե' ՀՔԾ պետի տեղակալի որդիների մասնակցությունը հանցավոր խմբավորմանը: Նախնական տեղեկություններով, բացի վերը նշվածներից, խմբավորմանը օժանդակողների մեջ կային նաեւ նախարարի որդի եւ այլ պաշտոնյաների զավակներ:


Երեկոյան արդեն թողարկվեց պաշտոնական հաղորդագրություն, որը ևս հաստատեց, որ ավազակային խմբավորումը վնասազերծվել է, իսկ պաշտոնյաների որդիների մասով լուրերը հերքվեցին: Բայց ինչպես ասում են` ծուխն առանց կրակի չի լինում:


Չմոռանանք, որ վերջերս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չէր բացառել, որ ավազակային խմբավորման մեջ ներառված են համակարգի ներկա կամ նախկին աշխատակիցներ: «Ունենք որոշակի տվյալներ, որը լուրջ մշակման կարիք ունի»,- վստահեցրել էր ոստիկանապետը:


Այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Առայժմ փորձենք հասկանալ, թե ինչպես կարող էր ծնվել այս ավազակախումբը, եթե հաշվի առնենք, որ ավազակները պատահական մարդիկ չեն, առավել ևս` օժանդակողները: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե լավագույնս ապահովված չինովնիկների զավակները ի՞նչ կյանքով են ապրում: Նրանց ոչինչ հարկավոր չէ: Ամեն ինչ ունեն` տուն, ավտոմեքենա, զենք, գեղեցկուհիներ` օրվա տարբեր ժամերի համար, և այլն: Փող էլ ունեն, փողատեր հայրերը վիզները ծուռ չեն թողնում, բայց մեծ քանակի փող, շատ փող, անընդհատ փող` կազինոներում օրական խոշոր խաղադրույքներ անելու կամ թանկարժեք նարկոտիկ գնելու համար, չունեն: Եվ հենց այստեղ է, որ, խայծը պատրաստած, «օգնության են հասնում» հանցագործ աշխարհի տղաները, ովքեր հաճույքով սպասարկում են նրանց կարիքները համարժեք ինֆորմացիայի և նրանց «հովանոցի տակ» տեղ ունենալու համար:


Հավանաբար չէր գրվի այս վերլուծությունը, եթե օրերս հայտնի կազինոներից մեկի VIP սրահում ականատես չլինեինք հայտնի պաշտոնյաներից մեկի զավակի` 30000 դոլարանոց խաղադրույքին:  Առայժմ այսքանը:

 

Սպասենք հետաքննության ավարտին և նոր «պայթյունների»:

 

Հարություն  Հարությունյան